ԱԽ քարտուղարի գնահատականները մտահոգել են Վիգեն Սարգսյանին, նա հակադարձել է Գրիգորյանին

Վիգեն Սարգսյան, արխիվ

Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարն, իր հերթին, նամակով պատասխանել է Վիգեն Սարգսյանին, գրելով՝ «Ես և Դուք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, և մեր բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել»։

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած «Ազգ-բանակ» հայեցակարգի շուրջ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի հնչեցրած գնահատականները մտահոգել են Հանրապետական կուսակցությանը, այդ թվում՝ պաշտոնաթող նախարար Սարգսյանին։

«Վստահ կարծիք ես հայտնում «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին` առանց նյութին ծանոթ լինելու», - Գրիգորյանին ուղղված հրապարակային նամակում գրում է Վիգեն Սարգսյանը՝ նաև հայտնելով, որ Արմեն Գրիգորյանն իր նախկին ուսանողն է։

«Այն, ինչ քո տված հարցազրույցում ներկայացնում էիր որպես «Ազգ-բանակ» հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակին» վերաբերող որևէ փաստաթղթում, ելույթում և դրա շրջանակներում ներդրված որևէ ծրագրում չես կարողանա մատնանշել: Քո հարցազրույցից բխում էր, որ հայեցակարգի առանցքը հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն է, քանի որ, ըստ քեզ, եկել ենք այն մոտեցումից, որ մեր հասարակությունը հայրենիք չի սիրում։ Այնինչ, իրողությունն այլ է»,- շարունակում է Վիգեն Սարգսյանը։

Այնուհետև նա բացատրում է, որ «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելու, այլ ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Այդ թվում` ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային և պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոցպաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով:

Արմեն Գրիգորյան, արիվ

Անվտանգության խորհդրի նորանշանակ քարտուղարն, իր հերթին, նամակով պատասխանել է Վիգեն Սարգսյանին, գրելով՝ «Ես և Դուք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, և մեր բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել»։ ««Ազգ-բանակն» ունի ցրված մի քանի կոմպոնենտներ, որին հղում կատարելով էլ ես իմ կարծիքն եմ ասել «Ազատությանը» տված հարցազրույցում, իսկ Վիգեն Սարգսյանը վերցրել է «Ազգ-բանակի» այլ կոմպոնենտներ և ասում էր՝ դու դրան չեն ծանոթացել»,- այսօր «Ազատությանն» հետ զրույցում պարզաբանեց Արմեն Գրիգորյանը:

Նախկին պաշտպանության նախարար, իսկ դրանից առաջ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր նամակում նաև նշում է․ «Մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արված աշխատանքը: Արա քո գործը, արա այն ավելի լավ, ավելի արդյունավետ, և հասարակությունն անպայման կգնահատի: Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը բոլորիս սրբազան առաքելությունն է: Տրոհելով այն յուրայինների և օտարների, դու փորձում ես հարվածել Հայոց բանակի կերտման և Արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած ուժին, ինչը, գուցե, հարիր է քաղաքական այս կամ այն թևի ներկայացուցչին, բայց ոչ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարին»:

Արմեն Գրիգորյանն իր հերթին հակադարձում է՝ Սարգսյանը մի թիմի անդամ է, որի կառավարման շրջանում Հայաստանից 370 հազար քաղաքացի է արտագաղթել, 5 միլիարդ դոլարով ավելացել է ՀՀ արտաքին պարտքը, 800 հազարից ավելի քաղաքացի աղքատության մեջ է ապրել, և այս ձախողումների հետևանքով երկիրը հայտնվել է ապրիլյան պատերազմի մեջ, կորցրել կյանքեր ու տարածքներ։ Գրիգորյանի ամփոփմամբ՝ ուժեղ Հայաստանի հիմքը ոչ թե կեղծ ռազմահայրենասիրական պրոպագանդան է, այլ իրական աշխատանքը։

Երեկ խորհրդարանի ամբիոնից «Ազգ-բանակ» հայեցակարգին էր անդրադաձել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա իր հերթին այդ հայեցակարգի առանցքն էր համարել «հասարակական ռեսուրսի մոբիլիզացումը ռազմական իրավիճակում»։ Արմեն Գրիգորյանը հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանի թիմն այդպես էլ չի հրապարկել «Ազգ-բանակ» հայեցակարգը, դրան չծանոթացած հանրությունը չի կարող այն իր սեփականությունը համարել։