Կրթության և գիտության նախարարը մեկնել է Փարիզ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան, մայիս, 2018թ․

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության նախարարության հրավերով մեկնել է Փարիզ` մասնակցելու մայիսի 23-25-ը կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10-րդ Նախարարական գագաթնաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ գագաթաժողովին մասնակցելու են Բոլոնիայի գործընթացում ընդգրկված 48 երկրների շուրջ 100 պատվիրակներ, կրթության և գիտության նախարարներ: Կրթության ոլորտի պատասխանատուները քննարկելու են Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարձրագույն կրթության զարգացմանն ուղղված նոր քաղաքականության մշակմանը, մասնավորապես ուսանողների շարժունակությանը, փոխանակման ծրագրերին, կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներին և ինտեգրացիոն զարգացումներին վերաբերող հարցեր:

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է փարիզյան կոմյունիկեի և Բոլոնիայի քաղաքականության 5-րդ համաժողովի հռչակագրի ընդունումը։