Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մայիսի 23-ին հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ քննարկվել են միութենական համագործակցության հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շփումների պլանավորումը:

«Մայիսի 14-ին Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցին համապատասխան՝ քննարկվել են միութենական փոխգործակցության հրատապ հարցերը, ներառյալ հունիսի 1-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը և Ալմաթիում հունիսի 11-ին անցկացվելիք ՀԱՊԿ-ի նիստին նախապատրաստվելու հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի կառույցների գործունեությունը: Նախարարները քննարկել են երկկողմ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների գծով շփումների պլանավորումը», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ, արդեն անձնական զրույցում, շնորհավորել է հայաստանցի գործընկերոջը՝ պետական բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Պետական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ հայ-ռուսական օրակարգային հարցերը ավելի մանրամասնորեն քննարկելու նպատակով Զոհրաբ Մնացականյանը ընդունել է մոտ ապագայում Մոսկվա այցելելու Սերգեյ Լավրովի հրավերը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: