Ոստիկանությունն ուսումնասիրում է քաղաքացիների դիմումը ընդդեմ Տարոն Մարգարյանի

Armenia -- Protest Action near Yerevan City Hall. 14May, 2018

Ոստիկանությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման շրջանակներում ստուգողական աշխատանքներ է իրականացնում։

Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ հաղորդումը ուսումնասիրում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը։

Ոստիկանությանը նման ցուցում է տվել Գլխավոր դատախազությունը՝ դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա։

Գլխավոր դատախազին նամակով դիմած քաղաքացիներից Արման Ղարիբյանը ասաց՝ պահանջում են, որ Տարոն Մարգարյանը հայտնվի ճաղերի հետևում, «վայր դնի իր ավագանու և քաղաքապետի մանդատը և քրեական պատասխանատվության ենթարկվի»:

Մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 16-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ արձանագրեցին, որ Մյասնիկյանի արձանի հետնամասի այգում ծառեր են հատվել, ինչից հետո բողոքի ցույց սկսեցին, մտան քաղաքապետարան և հայտարարեցին, որ պահանջում են քաղաքապետի հրաժարականը։

Մի քանի ժամ հետո նրանք գնացին Գլխավոր դատախազություն և Տարոն Մարգարյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին։

Արման Ղարիբյանն ասաց, որ հաղորդման տակ բազմաթիվ քաղաքացիներ էին ստորագրել: Իրենք պնդում են, որ քաղաքապետի գործունեության ընթացքում առաջացել են կոռուպցիոն ռիսկեր, փողերի լվացում է կատարվել․ - «Նամակում նշված էին Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ քաղաքապետարանի կողմից արված դրամական չարաշահումները, դրանք զավեշտալի թվերի հասնող գնումներն են քաղաքապետարնի կողմից, որոնք անկասկած մարդկանց մոտ տարակուսանք և կասկած են առաջացնում: Օրինակ, ինչո՞ւ են գնել բաժակ, որի մեկ բաժակի արժեքն է հարյուր հազար դրամ: Այստեղ ակնհայտ կոռուպցիայի և փողերի լվացման հոտ է գալիս: Նաև անհամաչափությունը Տարոն Մարգարյանի պետական աշխատավարձի և իր ունեցվածքի, որը նա պաշտոնապես է հայտարարագրել: Այսինքն այստեղ նաև ապօրինի հարստացման կասկածներ կան, որով պետք է ոստիկանությունը զբաղվի»:

Թե ինչ է սպառնում Տարոն Մարգարյանին քաղաքացիները չգիտեն։

Ի դեպ, Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ավան վարչական շրջանում ապրիլի 22-ին «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտողը եղել է Ավանի թաղապետարանի աշխատակիցը, ով դիմակով է եղել։ Մամուլում տարածված այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Անուն-ազգանուն նա չհրապարակեց։

Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք ապրիլի 22-ին մի քանի տասնյակ դիմակավորված անձինք Ավանում հարձակվել էին դեպի Երևանի կենտրոն գնացող մեքենաների վրա։ Այդ օրը վնասված մեքենաների սեփականատերերից շատերը գնում էին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ցույցերին մասնակցելու։

Այս իրադարձությունների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից արձագանք ստանալ չհաջողվեց։ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից այսօր մեզ զանգերին չպատասխանեցին։