Մայք Փոմփեոն խոստացել է քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին օժանդակություն տրամադրելու հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո

Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Մայք Փոփեոն Ամերիկայի Հայ դատի հանձախմբին հղած նամակում ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու սահմանադրական իշխանափոխությունը և խոստացել քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին ֆինանսական օժանադակություն տրամադրելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի նախագահ Րաֆֆի Համբարյանին հղած նամակում Փոմփեոն նաև խոստացել է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ համատեղ շահերը առաջ մղելու համար:

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղարին կոչ էր արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ և սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն և արագացված կարգով քննարկել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը։ Այդ գումարներն, ինչպես նշել էր ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, կուղղվի երկրի հանրակրթական դպրոցների գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկայի կրթական ծրագրերին: Փոմփոեն մայիսի 17-ին թվագրված իր նամակով արձագանքել է հենց այս կոչին:

«Մենք ողջունում ենք Հայաստանում «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի միջոցով STEAM կրթական ծրագրերը զարկ տալու ձեր գաղափարը»,- նշել է Փոմփեոն՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին՝ միաժամանակ շեշտելով, որ կորպորացիան չունի պաշտոնական մի գործընթաց, որը արագացված կարգով կքննարկի նման ծրագրերը:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը այս տարի առաջընթաց կգրանցի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերին համապատասխանելու չափանիշների հարցում և տնօրենների խորհուրդը կդիտարկի Հայաստանը՝ ընտրություն կատարելու ամենամյա գործընթացի շրջանակներում»,- ասել է Փոմփեոն, ով նաև «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահն է:

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը վերջերս հանդիպումների շարք է անցկացրել Սպիտակ տան, Պետքարտուղարության պաշտոնյաների և Կոնգրեսի անդամների հետ՝ կոչ անելով STEAM կրթական նախագիծ իրականացնել Հայաստանում, մասնավորապես, 75 միլիոն դոլար տրամադրել դպրոցական ենթակառուցվածքների բարելավմանը, 30 միլիոն՝ STEAM կրթական ծրագրերի և ավելի քան 15 միլիոն մասնագիտական կրթական ծրագրերի համար:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, հիշեցնենք, 2006 թվականին ծրագրում էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլար՝ ոռոգման համակարգերի և գյուղական ճանապարհների շինարարության համար։

2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո կորպորացիան հայտարարեց, թե վերանայում է Հայաստանում իր գործունեությունը, իսկ 2009-ին դադարեցրեց մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը՝ այդ որոշումը պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Շարունակվեց և ավարտին հասցվեց միայն ոռոգման համակարգերի կառուցման ծրագիրը։

«Հազարամյակների մարտահրավեր» ամերիկյան կառավարական կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու ծրագրերը, եթե երկիրն անհրաժեշտ առաջընթաց չի ապահովում ժողովրդավարական մի շարք ցուցանիշներով, որոնցից են մամուլի ազատությունը, կոռուպցիան, կառավարության գործունեության թափանցիկությունը, ժողովրդավարական կառավարումը։