Գրիգորյան․ - Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացին կմասնակցեմ համապատասխան խորհրդակցական մեխանիզմի ներդրված լինելու և մրցութային համակարգի կամ դրա համարժեք որևէ ընթացակարգի ներդրված լինելու պայմաններում:
«Ազատություն»․ - Այսնինքն Դուք առաջարկում եք ոչ թե նախագահը իր ընտրությամբ մեկ թեկնածու առաջադրի, այլ լինի մրցո՞ւյթ:
Գրիգորյան․ - Իրականում այս պահի դրությամբ ես չեմ կարող այդ հարցին սպառիչ պատասխան տալ, որովհետև երկակի վիճակում եմ գտնվում: Եթե ես մասնակցելու եմ էդ ընթացակարգին ես չեմ կարող խորհուրդ տալ, թե ինչպիսին պիտի լինի էդ ընթացակարգը: Դա էթիկական խնդիր է: Բայց ես ամբողջովին հնարավոր եմ համարում մրցութային կամ դրան համարժեք խորհրդակցական ընթացակարգ ներդնելու հնարավորությունը, և էդպիսի ընթացակարգի միջոցով ապահովել հրապարակային, թափանցիկ, արդարության և հավասարության պահանջներին համապատասխան, բացառապես մասնագիտական ընտրություն կատարելու հնարավորությունը:
«Ազատություն»․ - Եթե այդ ընթացակարգը չլինի, բայց նախագահ Արմեն Սարգսյանը հետևի փաստաբանների կոչին ու Ձեզ առաջադրի թեկնածու, արդյո՞ք պատրաստ եք ստանձնել այդ պատասխանատվությունը:
Գրիգորյան․ - Փաստաբանների կոչը ինքնին միաժամանակ և նման ընթացակարգի ներդրման խնդրանք է: Ընդառաջել կոչին՝ նշանակում է ներդնել այդ ընթացակարգը: Մեր նպատակն է բարձր դատական պաշտոններում, ոչ միայն դատական, բարձր մասնագիտական պաշտոններում, որտեղ այս կամ այն պետական մարմինը կամ պաշտոնյան ունի ընդարձակ կամ նույնիսկ անսահմանափակ հայեցողություն թեկնածու ընտրելու հարցում, մասնագիտական պաշտոնների նշանակումների դեպքում հանրությունը պիտի հնարավորություն ունենա իր խոշորացույցով ստուգել այդ թեկնածուին: Ինչպես և թեկնածուն այդ ողջ ընթացքում պիտի հնարավորություն ունենա հանրությանը պարզաբանումներ ներկայացնել իր՝ նախկինում դրսևորած վարքի և գործունեության վերաբերյալ, խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Սա շատ պարզ պահանջ է, սրանում որևէ տարօրինակ բան չկա: Արդյունավետ ժողովրդավարությունները վաղուց ներդրել են այսպիսի համակարգեր: Օգտագործելով պատեհ առիթը՝ մեր խնդրանքն է, որպեսզի սա ներդրվի:
«Ազատություն»․ - Մրցույթի անցկացման պարագայում Դուք պարտա՞ստ եք դառնալ թեկնածու:
Գրիգորյան․ - Նման համակարգի ներդրման դեպքում, կամ առնվազն փաստաբանների կողմից նշված նվազագույն չափանիշներին բավարարող հնարավորության ներդրման դեպքում, երբ որ հանրությանը հնարավորություն կընձեռվի բոլոր թեկնածուներին հանրային խոշորացույցի տակով անցկացնել և միաժամանակ նրանց հնարավորություն ընձեռել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում գործունեության վերաբերյալ իրենց անելիքը ներկայացնելու, ինչպես նաև բացահայտել իրենց արժեհամակարգերի և Սահմանադրությամբ պաշտպանվող արժեքների նկատմամբ իրենց վերաբերմունքը, ես միանշանակ մասնակցելու եմ դրան: Ներքնապես որևէ թեկնածուի համար, որը հավակնում է դատավոր դառնալ, պիտի նման ընթացակարգի միջոցով հնարավորություն ընձեռել ձերբազատվել որևէ մեկի առջև պարտավորություն ունենալուց: Միաժամանակ նաև հանրությունը պիտի տեսնի և համոզված լինի, որ թեկնածուն անցել է ընթացակարգով, որտեղ հաշվի են առնված իր մասնագիտական և բարոյական որակները, և ուրիշ ստվերային պայմանավորվածությունները կամ նրա նկատմամբ քաղաքական կամ կուսակցական հովանավորությունը դեր չեն ունեցել նրա ընտրության հարցում:
«Ազատություն»․ - Եթե լինի մրցույթ, եթե նախագահ Արմեն Սարգսյանը առաջադրի Ձեր թեկնածությունը, պետք է հարցը մտնի Ազգային ժողով, իսկ այնտեղ մեծամասնություն են Հանրապետական կուսակցության ներկացուցիչները: Հաշվի առնելով նախկինում Ձեր փաստաբանական գործունեությունը, որը բազմիցս առնչվել է Հանրապետականի իշխանությանը, արդյո՞ք ակնկալում եք, թե հնարավոր է, որ այնտեղ նրանց կողմից դրական ձայներ ստանաք:
Գրիգորյան․ - Ես իմ մասով էդ հնարավորությունն ընձեռելու եմ մասնագիտական ընտրություն կատարելու համար: Եթե որևէ քաղաքական ուժ, լինի դա Հանրապետական կուսակցությունը թե որևէ այլ կուսակցություն, պիտի ընտրի, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը կուսակցական պաշտոն է, և նրան պիտի ընտրեն ըստ կուսակցական պատկանելության, այլ ոչ ըստ մասնագիտական համապատասխանության և բարոյական որակների համապատասխանության, դա արդեն դուրս է իմ ազդեցության ոլորտից, դա որևէ մեկի իշխանությունից դուրս է: Դա արդեն իրենց որոշումն է»: