Բուհերն այլևս վճարումներ չեն կատարի Երիտասարդական հիմնադրամին

ԵՊՀ գլխավոր մասնաշենքը, արխիվ

Պետական բուհերն իրենց բյուջեի 2 տոկոսն այլևս չեն փոխանցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Բուհերի ռեկտորներին այս մասին հայտնել է կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Բուհերը հին իներցիայով շարունակում էին այդ գումարը վճարել: Գիտենք՝ պատճառներն էլ որոնք են՝ այդ հիմնադրամը եղել է ՀՀԿ-ի երիտթևի ֆինանսավորման հիմնական աղբյուրը: Այդ իներցիան փաստացի պարտադրված է եղել, որ այդ միջոցները ծառայեցվեն ընտրությունների ժամանակ ու մինչ այդ՝ երիտսարդներին շահելու, ներգրավելու, հավաքագրելու համար»,- ասել է նորանշանակ նախարարը:

Իր ֆեյսբուքյան էջում հիմնադրամը «Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամ» անվանած կրթության նախարարին հակադաձել էր ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը, նշելով՝ «Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի», նաև հիշեցրել էր, որ այդ կառույցի հիմնադիրը Հայաստանի կառավարությունն է, իսկ հոգաբարձուների նախագահն ի պաշտոնե ՀՀ վարչապետն է։

Արայիկ Հարությունյանը, մինչդեռ, վստահ է՝ հիմնադրամի միջոցների ոչ փոքր հատվածը տարիներ շարունակ ծառայել է Հանրապետական կուսակցությանը, ինչում իր դերն է ունեցել նաև երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը։ «Հիմնադրամի հիմնադիրը պետությունն է, որը ժամանակին ծառայեցվել է ՀՀԿ-ին, հիմա իհարկե չի ծառայեցվի: Սա ավելի շատ քայլ էր՝ բուհերին էդ կապանքներից, պարտադրված վճարումներից ազատելու»,- ասում է նախարարը:

Երիտասարդական հիմնադրամին 2001 թվականից խոշոր պետական բուհերը վճարել են իրենց տարեկան բյուջեի մոտ 2 տոկոսը․ օրինակ՝ Երևանի պետական համալսարանը 2015-ին վճարել է 121 միլիոն, 2016-ին՝ 120 միլիոն, իսկ անցյալ տարի՝ 2017-ին 125 միլիոն դրամ։ Անցյալ տարի Երիտասադական հիմնադրամի ընդհանուր բյուջեն կազմել է ավելի քան 700 միլիոն դրամ, կամ մոտ 1,5 միլիոն դոլար։ Այս բյուջեի գրեթե 60 տոկոսը գոյացել է բուհերի կատարած վճարումներից։

Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն ասում է, թե երբևէ չի նկատել, որ բուհերը չեն ցանկանում իրենց փոխանցել այդ գումարը։ «Կոնկրետ բուհի բյուջեն հասնում է տասնյակ միլիարդ դրամների և այնտեղից ընդամենը 100 միլիոն դրամ ֆինանսավորում է լինում, որի 50 և ավելի տոկոսը վերադարձվում է բուհին՝ երիտասարդական ծրագրեր իրականացնելու համար: Չեմ կարծում, որ դրա մեջ ինչ-որ խիստ բացասական բան կա»,- հավելում է Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է համարում արդյոք պետական բուհերին հիմնադրամին գումար տրամադրելու պարտավորությունից ազատելը։ Վերջինս պատասխանեց՝ «Ես որոշումն արդարացի եմ համարում այն պատճառով, որ ԵՊՀ-ն ինքը կտնօրինի այդ գումարը»։

Երիտասարդական հիմնադրամը բուհերից բացի ֆինասավորում է ստացել նաև Հայաստանի կառավարությունից, այդ թվում՝ կրթության նախարարության գիտության պետական կոմիտեից (2017-ին՝ 100 միլիոն դրամ), որի միջոցները հաճախ չեն բավարարում գիտական տարբեր ծրագրեր ֆինանսավորելու համար։ Հիմնադրամի անցյալ տարվա տարեկան հաշվետվությունից դատելով՝ այն իր բազմամիլիոնանոց բյուջեի հիմնական մասն ուղղել է կրթական ու գիտական, հոգևոր, հայրենասիրական, առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերի իրականացմանը։

Ըստ մամուլի հրապարակումների՝ հիմնադրամից նախկինում դրամաշնորհներ են ստացել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք խորհրդարանական ընտրություննների ժամանակ դիտորդական առաքելություն էին իրականացնում՝ չթաքցնելով, որ սատարում են Հանրապետական կուսակցությանը: Օրինակ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիան», «Հայք երիտասարդական ազգային պահպանողականների միավորումը», «Ազատ հասարակության ինստիտուտը»։ Իսկ «Ազատության» հետաքննությունն էլ պարզել էր, որ հիմնադրամից դրամաշնորհներ ստացած մի շարք կազմակերպությունների գործունեության մասին ոչինչ հայտնի չէ, դրանք չունեին անգամ կոնտակտային տվյալներ։ Այնուամենայնիվ, Տեր-Հովակիմյանը վստահեցնում է՝ միշտ գործել են թափանցիկ։

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով, դեռ որոշում չկա՝ Կառավարությունը պահպանելու՞ է երիտասարդական հիմնադրամը, թե ոչ: Սակայն ֆինանսական աուդիտի այն ենթարկվելու է: Հիմնադրամի գործադիր տնօրենը վստահեցրեց, որ աուդիտ իրենց մոտ ամեն տարի անցկացվել է։ Ըստ նրա՝ կսպասեն կառավարության որոշմանը, սակայն ճիշտ չեն համարում «ամեն ինչ ջնջելու և զրոյից սկսելու մոտեցումը»։