Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Լեռնային Ղարաբաղի անկախության։ Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ նույն աղբյուրի՝ նշելով, որ այս տարի լրանում է Արցախի ազատագրական շարժման 30-ամյակը, ինչը «հանգեցրեց 1991 թվականին Արցախի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության հռչակմանը», Ռայդի քաղաքային խորհուրդը իր բանաձևում «հաստատում է մարդու ինքնորոշման հիմնական իրավունքի և ազատ ու ժողովրդավարական հասարակության կարևորությունը, ճանաչում է բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Արցախի Հանրապետության շարունակական ջանքերը՝ ուղղված օրինական խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ու պատասխանատու կառավարության կազմավորմանը, <...> խրախուսում է Արցախի Հանրապետության հետ խաղաղ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական և տնտեսական աջակցության տրամադրումը»:
Ռայդ քաղաքը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում է, Սիդնեյի հյուսիսային արվարձան է, քաղաքապետն է Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ջերոմ Լեքսեյլը: