Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար կստեղծվի խոշոր հիմնադրամ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան, մայիս, 2018թ․

Այսօր Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը:

Վարչապետի տիկնոջ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցները փարատել են նախորդ հանդիպման առիթ հանդիսացած մտահոգությունները, թե երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը կարող էր խաթարել այս անչափ կարևոր ոլորտի բնականոն գործունեությունը:

«Ավելին, ներկաները ուրախությամբ հայտնել են, որ նախորդ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը մեծ ազդեցություն է ունեցել, և նվիրատվությունների հոսքը մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամներ էականորեն աճել է: Ներկաները վերահաստատել են պատրաստակամությունը՝ համախմբել բոլոր ուժերը և հնարավորությունները քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար: Այս նպատակով նախատեսվում է բարեգործական հիմնադրամների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ, որը կկոորդինացնի աշխատանքները և հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների և անհատների անունից», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի, առաջարկ է եղել Աննա Հակոբյանին՝ ներգրավվել հոգաբարձուների խորհրդի կազմում․ - «Տիկին Աննա Հակոբյանը սիրով տվել է իր համաձայնությունը և համոզմունք է հայտնել, որ հիմնադրամը բաց է լինելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության համար և գործելու է բացառապես թափանցիկ և համակարգված»:

Այսօրվա աշխատանքային խմբի հանդիպումը եղել է ընդլայնված, դրան մասնակցել են մանկական ուռուցքաբան, արյունաբան Սամվել Դանիելյանը, առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, «Ֆոնդ100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Բադալյանը, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը, մանկական արյունաբան Մարինե Քամալյանը և մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը:

Հիշեցնենք, «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ հիմնադրամը կշարունակի աշխատանքը և այսուհետ ևս կաջակցի արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը՝ չնայած անցած շաբաթվա սկզբին հիմնադրամի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությանը: Հիմնադրամի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին այդ հայտարարության պատճառը, ըստ նրանց, երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունն էր, որը մի շարք տեխնիկական հարցեր է առաջ բերել․ գլխավոր հարցը կապված էր հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ։