Դուման ընդունեց պատասխան պատժամիջոցների օրինագիծը

ՌԴ Պետական դումայի նիստ, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետական դուման երրորդ և վերջին ընթերցմամբ, հավանություն է տվել Միացյալ Նահանգների և այլ երկրների պատժամիջոցներին պատասխան տալու օրինագծին:

Նախքան ուժի մեջ մտնելն այն պետք է ընդունվի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում, ապա վավերացվի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ:

Օրինագիծը Ռուսաստանի գործադիր իշխանությանը կընձեռի «Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունք դրսևորող երկրների հետ որոշ ապրանքների առևտուրն արգելելու հնարավորություն»:

Այս օրինագիծը Մոսկվայի պատասխանն է ռուսաստանցի պաշտոնյաների, մի շարք մեծահարուստների և Պուտինի հետ առնչություն ունեցող ընկերությունների հաշվեհամարները սառեցնելու և այլ սահմանափակումներ կիրառելու՝ ամերիկյան կառավարության ապրիլին սահմանած պատժամիջոցներին:

Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը Ղրիմի 2014 թվականի բռնակցման և Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականներին սատարելու կապակցությամբ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Վաշինգտոնը նաև լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության:

Տե՛ս նաև այստեղ