Ռոհանի. «Ամերիկան ո՞վ է, որ աշխարհի և մեր փոխարեն որոշի»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում համալսարանի ուսանողների առջև, Թեհրան, 21-ը մայիսի, 2018թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Միացյալ Նահանգները չունի Թեհրանի փոխարեն որոշումներ կայացնելու արտոնություն: Ռոհանին այդ հայտարարությամբ պատասխանել է Իրանի նկատմամբ նոր կոշտ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի երեկվա հայտարարությանը:

«Աշխարհն այսօր չի ընդունում այն, որ Միացյալ Նահանգները պետք է որոշումներ կայացնի աշխարհի համար, երկրներն իրենց անկախությունն ունեն», - ասել է Հասան Ռոհանին և հավելել. - «Դուք ո՞վ եք, որ աշխարհի և Իրանի փոխարեն վճիռներ կայացնեք»:

Պետքարտուղար Փոմփեոն երեկ ասել է, որ Վաշինգտոնը «կսահմանի պատմության ընթացքում ամենախիստ պատժամիջոցները, և երբ դրանք մտնեն ուժի մեջ՝ աստիճանաբար կսաստկանան և առավել ցավալի կդառնան, մինչև Իրանի ռեժիմը չփոխի իր կուրսը»:

Փոմփեոն երեկ ներկայացրել է Իրանի հետ միջուկային նոր համաձայնագրի 12 նախապայման:

Ռոհանին արձագանքել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերադարձել է նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի քաղաքականության դարաշրջան և հանդես է գալիս 2003 թվականին հնչեցրած նույն հայտարարություններով»:

«Այդօրինակ հայտարարությունների ժամանակն անցել է, Իրանի ժողովուրդը հարյուրավոր նման հայտարարություններ է լսել և այլևս ուշադրություն չի դարձնում», - ասել է Ռոհանին:

Երկու շաբաթ առաջ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս 2015 թվականին վեց գերտերությունների և Իրանի կնքած համաձայնագրից, քանի որ այդ փաստաթուղթն Իրանին ընձեռում է ատոմային ռումբի վրա աշխատանքը և աշխարհում ահաբեկիչներին սատարելու քաղաքականությունը շարունակելու հնարավորություն:

Թրամփի վճիռը ողջունել են Իսրայելը և արաբական մի շարք երկրներ, Ռուսաստանը, Չինաստանը, Եվրամիությունը գերադասում են կատարել պայմանագրի դրույթները: