Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ամենօրյա ռեժիմով պայքարում է ավարտական դասարաններում անցկացվող ապօրինի դրամահավաքների դեմ:
«Խոսքը վերաբերում է հսկայական գումարներին, որոնք հավաքվում են և այնուհետև նվերների տեսքով հայտնվում են այս կամ այն տնօրենների, ուսուցիչների սեղանին: Չեմ ասում բոլոր դպրոցներում, բայց կան նման դեպքեր: Սա կոնկրետ կաշառք է և ինձ համար անընդունելի: Շատ ուրախ եմ, որ սա արդյունք է տալիս: Ունեմ արդեն, եթե չչափազանցնեմ, ավելի քան հարյուր հաղորդագրություն, որոնց համաձայն տնօրենները և ուսուցիչները, ծնողական խորհուրդները վերադարձնում են այն գումարները, որոնք նախկինում հավաքվել են», - «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում այսօր մանրամասնեց նորանշանակ նախարարը՝ ընդգծելով՝ խոսքը չի վերաբերում ավարտական երեկոներին:
Արայիկ Հարությունյանն արձանագրեց, որ իր այս ջանքերը արդեն արդյունք են տալիս:
«Ունեմ արդեն, եթե չչափազանցնեմ, ավելի քան հարյուր հաղորդագրություն, որոնց համաձայն տնօրենները և ուսուցիչները, ծնողական խորհուրդները վերադարձնում են այն գումարները, որոնք նախկինում հավաքվել են», - նշեց նախարարը: - «Որոշ տնօրեններ, ուսուցիչներ, որոնք ակնկալիք էին ունեցել այս դրամահավաքների արդյունքում և մեծ գումարներ էին ստանալու, փորձում են պատասխանատվությունը իրենց վրայից գցել նախարարի խոսքերի վրա և արհեստականորեն խոչընդոտում են նույն այդ ավարտական միջոցառումների, երեկոների անցկացմանը: Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ ոչ այդքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո»:
Նախարարը նաև չբացառեց, որ գուցե կարելի է բյուջեով նախատեսել ինչ-որ գումար՝ այդ ավարտական միջոցառումների համար: