«Արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է մեզ համար»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրատեսական է համարում մինչև հունիսի վերջ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ ունենալը: Այսօր Նախագահի նստավայրում կառավարության երդման արարողությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետն ընդգծեց՝ «արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք»:

«Կառավարությունը պետք է բնականոն գործի, կառավարությունը ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է: Ի վերջո այդ արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու, թե ի՞նչ ֆորմատով՝ դա արդեն ուրիշ խնդիր է», - հավելեց կառավարության ղեկավարը:

Լրագրողներից մեկի հարցին՝ մինչև հունիսի վերջը կունենա՞նք Ընտրական նոր օրենսգիրք, Փաշինյանն արձագանքեց՝ «առնվազն՝ նախագիծ, և մենք կփորձենք դա հնարավորինս արագ, բայց անշտապ անել, որպեսզի այսպես ասած՝ «ափալ-թափալ» գործողություններ չանենք»:

Հարցին, թե ընտրությունների համատեքստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, վարչապետը արձագանքեց․ - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ մարմին է, մենք պետք է սա հաշվի առնենք: Բայց, սիմվոլիկայի առումով, կարծում եմ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»: