«Սասնա ծռեր»-ի աջակիցները շրջափակել են Դատախազության շենքի մուտքերը, պահանջում են Արթուր Դավթյանի հրաժարականը

Վաղ առավոտից «Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքի մուտքերը։

Նրանք պահանջում են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։

«Մեր նորանշանակ վարչապետը, երբ որ հայտարարում է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, բայց նրան ենթակա մեկը ոտնահարում է իրականությունը և հայտարարում է, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, սա հիմք է տալիս մեզ մտածել, որ այն կառույցը, որն այդտեղ տարիներ շարունակ գործել է ապօրինի, ժողովրդական էս զարթոնքից հետո նորից գործում է ապօրինի ու ցանկանում է նորից վերադարձնի Սերժ Սարգսյանի ռեժիմը։ Մինչև դատախազը հրաժարական չտա, էս կառույցը չի կարող աշխատել, որովհետև այն չի աշխատում ի շահ ժողովրդի», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։

Նշենք, որ մայիսի 16-ին դատարանը մերժեց «Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդությունը,նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։ Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները։

Նա հայտարարեց, որ քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի օրենքով նախատեսված գործիքների կիրառմամբ։ «Այդ խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից, և ինձ համար խնդիրը հետևյալն է՝ շատերը պատկերացնում են, որ այդ հայտարարությունից հետո պետք է գնանք և բանտախցերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ «ժողովուրդ ջան, դուրս եկեք», ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ չէ, դա օրինական ճանապարհ չէ, և մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների կիրառման միջոցով», - հայտարարեց Փաշինյանը։

Չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, գլխավոր դատախազը պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։