«Մայիսի 19-ին ամփոփվել են հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում մարտական կրակի կիրառմամբ մայիսի 14-ից 19-ը անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները», ֊ ասված է ՀՀ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ սպաներ:
ԶՈՒ առաջին բանակային զորամիավորման, ՊԲ հարավային ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի ներգրավմամբ անցկացված զորավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղումը, զորքերի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական օպերացիայի վարումը»: Մարտական կրակի կիրառմամբ զորավարժությունն անցկացվել է երեք փուլով՝ ընդգրկելով նաև մարտավարական և բանակային ավիացիա:
Արդյունքների ամփոփման ավարտին պատվոգրերով և նվերներով խրախուսվել են զորավարժության մասնակից մի շարք զինծառայողներ: