Նիկոլ Փաշինյան․ Բաղրամյան 26-ից դատարաններին հրահանգներ չեն լինելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, մայիս, 2018թ․

Բաղրամյան 26-ից՝ նախկինում՝ Հայաստանի նախագահի, այժմ՝ վարչապետի նստավայրից, դատարաններին հրահանգներ չեն լինելու: Այդ մասին այսօր իր տեսաուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության արձագանքելով վերջին օրերին արդարադատությունից դժգոհող և որոշ դեպքերում լուծումները անձամբ վարչապետից ակնկալող քաղաքացիների կոչերին։

«Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք՝ ունենալու անկախ դատական համակարգ, և մենք կունենանք անկախ դատական համակարգ: Բաղրամյան 26-ից կամ կառավարության շենքից, իշխանական որևէ կաբինետից որևէ հրահանգ չի լինելու, և հրահանգ տվողները և հրահանգ ընդունողները, իհարկե, պատասխանատու են օրենքի առաջ և կպատժվեն: Էլ չեմ ասում՝ որևէ մեկը, որևէ դատավոր փորձի կաշառք վերցնի և կաշառքով որոշում կայացնի», - ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի, այս օրերին իրեն զեկուցում են, որ դատական համակարգը կաթվածահար է եղել, քանի որ դատավորները նախկինի նման որոշումներ կայացնելիս հրահանգներ չեն ստանում։ Փաշինյանը պնդում է՝ այս սկզբունքը «կարմիր գիծ» է իր և իր կառավարության համար, և որևէ դեպքում այն խախտելը անընդունելի կլինի։

«Նաև այսպիսի տեսակետներ են հնչում, թե հանուն լավ նպատակների գուցե կարելի է մեկ-երկու անգամ խախտել այդ կանոնը, բայց ես կարծում եմ, որ երբ որ մեկ-երկու անգամ խախտես կանոնը, դա հետագայում կդառնա ուղղակի սովորություն՝ սրանից բխող բոլոր բարդ հետևանքներով», - ընդգծեց վարչապետը՝ շարունակելով․ - «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել՝ նույնիսկ դատական համակարգի ներսի մարդիկ, և դատավորները, եթե իրենք իրենց վրա վերցրել են պատասխանատվություն՝ ստանձնելու այդ պաշտոնը, ուրեմն պետք է վերցնեն նաև պատասխանատվություն՝ կայացնելու վճիռներ, դատավճիռներ, կայացնելու որոշումներ»:

Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ակտիվացան տարբեր խմբերի, մասնավորապես՝ 2016 թվականի հուլիսին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի, «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, երկու ամիս առաջ 10 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, անցած տարվա նոյեմբերին 6 տարվա ազատազրկման դատապատված Սամվել Բաբայանի կողմնակիցների բողոքի ակցիաները դատախազության ու դատարանների առջև՝ կալանավորված անձանց ազատ արձակելու պահանջով։ Իր տեսաուղերձում Փաշինյանն առանձին գործերի չանդրադարձավ, միայն նշեց, որ դատարաններն այսօր օրենսդրությամբ ունեն անկախ գործելու հնարավորություններ և կարող են արդարացի որոշումներ կայացնել։

«Անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է մենք ապահովենք երկու բան՝ առաջինը՝ հնարավորություն տանք, որ դատավորները իրենց լիազորությունների շրջանակներում կայացնեն որոշումներ, և երկրորդը՝ փակենք նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու բոլոր ճանապարհները», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Սա է այսօրվա իրավիճակը, և ես ուզում եմ արձանագրել, հույս ունեմ՝ դուք կպաշտպանեք այդ մոտեցումը, որ որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորներին տալ որևէ հրահանգ որևէ գործով», - շեշտեց վարչապետը:

Այսօր ավելի վաղ, վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրեց կառավարական ամառանոցում իրեն հատկացված առանձնատունը, բարձրաստիճան պաշտոնյաների համար ամառանոցում կառուցված հանգստի և ժամանցի սենյակները, բիլիարդի, սեղանի թենիսի սրահները, խորովածի պատրաստման համար նախատեսված բուխարին իր տաղավարով, ամառային լողավազանը, երկու տեսակի սաունաները և ծովի աղով համալրված, ծիածանափայլ լույսերով կառուցված, ինչպես Փաշինյանը ենթադրեց՝ «ռելաքսի անկյունը»։