Առողջապահության նախարարը վստահ է՝ իր փորձը «մեծ առավելություն է» ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարելու առումով

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում, արձագանքելով պատվաստմանը ընդդիմացող մայրերի հասցեին Ֆեյսբուքում նախկինում իր կատարած կոշտ գրառումների վերաբերյալ հարցին, նշեց, որ բազմիցս նշել է, որ այդ խոսքերն ասել է հայ կանանց, հայ աղջիկների կյանքեր փրկելու համատեքստում:

«Այո՛, ասվել է սուր, երբեմն կոպիտ, որի համար ներողություն եմ խնդրել», - հավելեց նախարարը՝ շարունակելով․ - «Բայց ես մի ուրիշ բան էլ եմ ուզում ասել: Ես կոչ եմ անում բոլորին այսուհետ ֆեյսբուքում գրառումներ կատարելիս ելնել այն կանխավարկածից, որ իրենք վաղը նախարար են դառնալու»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Նոր Հայաստանում նոր կադրերով պետք է արմատախիլ արվի կոռուպցիան: Պատասխանելով այն հարցին, թե իր ղեկավարած ոլորտում տեսնո՞ւմ է կոռուպցիոն խնդիրներ, նախարարը պատասխանեց, որ տարիներ շարունակ աշխատելով այս ոլորտում, ինքը «շատ բաներից» տեղյակ է եղել: - «Դա մեծ առավելություն է տալիս ինձ դրա դեմ պայքարելիս», - փաստեց Արսեն Թորոսյանը, - «Մենք քայլ առ քայլ պայքարելու ենք»:

«Ազատության» խնդրանքով նախարարը մատնանշեց կոնկրետ օրինակներ՝ պետպատվերի, պետական գնումների ոլորտում գումարների բաշխում, տարբեր պաշտոններում տարբեր մարդկանց նշանակումը «պայմանավորված մրցույթներով» և այլն:

«Ես իմ ուժերի ներածին չափով կասեցնելու եմ նման բաները, ու եթե տեսնեմ, որ չի ստացվում, դա արդեն իրավապահ մարմինների գործն է լինելու», - խոստացավ առողջապահության նախարարը: - «Ու ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ ես չեմ վարանելու նրանց դիմել: Եթե նախկին նախարարները ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, անձնավորված խնդիրների պատճառով չեն դիմել, ես չեմ վարանելու դիմել ու այդ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն»:

Արսեն Թորոսյանը, ով նախկինում, երբ ղեկավարում էր երևանյան բժշկական կլինիկաներից մեկը, քննադատում էր իշխանություններին, քանի որ նախարարությունը իր կլինիկային պետպատվերով գումարներ չէր հատկացնում, պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք հիմա, երբ ինքը նախարար է, պետպատվեր հատկացնելու է այդ կլինիկային, պատասխանեց․ - «Դա իմ կենտրոնը չի եղել, ես ընդամենը տնօրեն եմ եղել։ Այնտեղ հիմա կլինի նոր տնօրեն: Ես ոչ մի տոկոս սեփականատեր չեմ այդ կենտրոնում: Դա եղել է միջազգային մեծ կորպորացիայի մասնաճյուղ Երևանում: Ինչ վերաբերում է պետպատվերի բաշխումներին՝ ես այդ խնդիրը բարձրացրել եմ միայն մի համատեքստում, որ բաշխումը արդար չի եղել: Ես չեմ ուզում, որ իմ նախկին կենտրոնը ունենա ասենք՝ x դրամ, ես ուզում եմ, որ այդ բաշխման մեխանիզմը լինի արդար, թափանցիկ, մրցակցային ու այդ կենտրոններից բոլորը, այդ թվում նրանք, ովքեր հիմա շատ են ստանում, թող էլի ստանան շատ, բայց արդար, թափանցիկ, տրամաբանական մեխանիզմով»:

Ֆեյսբուքյան ասուլիսն ամբողջությամբ դիտեք այստեղ․