«Թանգարանային գիշեր» միջոցառմանը մասնակցում են Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ

Մոտ 40 տարի առաջ ֆրանսիական թանգարանների նախաձեռնությամբ մայիսի 18-ը հռչակվեց իբրև Թանգարանների միջազգային օր, երբ տասնյակ հազարավոր մարդիկ կարող են անվճար այցելել ամենատարբեր թանգարաններ:

Տարիների ընթացքում ֆրանսիական թանգարաններին միացան նաև եվրոպական այլ երկրների թանգարաններ` այսպիսով հնարավորություն ստեղծելով տասնյակ հազարավոր մարդկանց համար տարվա մեջ մեկ օր ոչ միայն անվճար անցկացնել ամենատարբեր թանգարաններում, այլև ներկա գտնվել թանգարաններում այդ օրը կազմակերպվող ամենատարբեր ուշագրավ միջոցառումների:

Հետագայում թանգարանների նախաձեռնությամբ Թանգարանների միջազգային օրվան հաջորդող շաբաթ օրը եվրոպական թանգարանները կրկին անվճար իրենց դռները բացեցին այցելուների առաջ՝ այս անգամ արդեն մինչև կեսգիշեր՝ սկիզբ դնելով «Թանգարանային գիշեր» կոչվող միջոցառմանը, որին արդեն 15 տարի է մասնակցում է նաև Հայաստանը և 6-րդ տարին է, որ մասնակցում է նաև Արցախը:

Եվրոպական մոտ 50 հազար թանգարանների հետ միասին Հայաստանի և Արցախի 116 թանգարաններն այդ օրը ամենատարբեր նախաձեռնություններով անցկացնում են Թանգարանային գիշերը, նաև իհարկե՝ դրան նախորդող Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ը:

Այս տարի անմիջապես միմյանց հաջորդող երկու օրերին էլ մեր արվեստասերները հնարավորություն ունեն անվճար այցելել բոլոր թանգարաններն ու ներկա գտնվել նաև թանգարանների աշխատակիցների կողմից հատուկ այդ երկու օրվա համար նախաձեռնած միջոցառումներին՝ նոր ցուցահանդեսներ, համերգներ, գրքերի շնորհանդեսներ, կինոդիտումներ և այլն, և այլն:

Ի դեպ, ամեն տարի Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերը եվրոպական թանգարանների խորհրդի որոշմամբ անցկացվում է որոշակի խորագրի ներքո, որին համահունչ թանգարաններում կազմակերպվում են միջոցառումները : Այս տարվա խորագիրը հետևյալն է՝ «Գերհաղորդակցվող թանգարաններ, նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:

Հարկ է նշել նաև, որ տարիների ընթացքում հանրության լայն հատվածների շրջանում ավանդույթ ձևավորվել այս երկու օրերին թանգարաններ այցելել։

Թանգարանների աշխատակիցների համոզմամբ, այդ օրերին այցելուների կտրուկ աճը թանգարններ ամենևին կապ չունի թանգարանների անվճար գործունեության հետ, այցելուներին թերևս գրավում է այդ օրերին թանգարանում տեղի ունեցող ամենատարբեր, հաճախ անակնկալ միջոցառումների բազմազանությունը:

«Շատ մեծ քանակության այցելուներ են: Օրինակ, նախանցյալ տարի մենք չէինք կարող ժամը 1-ին տուն գնայինք, դուռը չէինք կարողանում փակել: Մի քիչ իհարկե տարօրինակ է, որովհետև մեր թանգարանի մուտքը միշտ անվճար է: Դրա համար ես պարտավորված էի, չնայած մեր հեղափոխական ամիսն էր, և դժվարություններ կային, մենք նույնիսկ այս ցուցահանդեսի բացումը հետաձգեցինք: Մենք պիտի բացեինք մայիսի 10-ին, չգիտեինք ինչ է լիենլու, բայց մայիսի 8-ի երեկոյան ես զանգեցի, ասացի՝ գալիս եք:Այնպես որ, բոլոր երևանցիների շնորհավորում եմ և հրավիրում եմ նայել ազգային, շատ պրոֆեսիոնալ և շատ ուրախ ցուցահանդես, որը շատ համահունչ է մեր այսօրվա ուրախ տրամադրությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Ի դեպ, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը այս օրերին ներկայացնում է վրաց ժամանակակից գեղանկարչուհի Ցիրա Կալանտաձեի անհատական ցուցահանդեսը, որը չափազանց ուշագրավ է ոչ միայն ոճով, այլև նուրբ հումորով հագեցած զգացականությամբ՝ վրացական ազգային-ավանդական միջավայրի և կերպարների սյուռեալիստական մատուցմամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա գեղանկարչուհին շեշտում էր, որ այս աշխատանքներն իր կատակներն են ՝ լաթերից մկրատով ծնունդ առած: Ասում էր, որ աշխատաքները ստեղծել է արագահոս ժամանակը պահելու համար, բայց ով գիտե, ասում էր, գուցե անօգուտ ջանք է, բայց, շեշտում էր, որ այդ պատկերներն անմահ են իր սրտում, հենց այդ պատճառով էլ դրանք ներկայացնում է արվեստասեր հանրությանը:

Նախապես ծրագրված է եղել ցուցահանդեսում ներկայացնել 5 ժամանակակից վրացի և 5 հայ գեղանկարիչների աշխատանքներ, բայց, ինչպես Զարուհի Մուրադյանը շեշտեց, առայժմ Մշակութի նախարարությանը չի ֆինանսավորել այդ նախագիծը, և ինքն իր միջոցներով կարողացել է ներկայացնել միայն Ցիրա Քալանթաձեի անհատական ցուցահանդեսը: