Նախագահ Սարգսյանն ընդունել է իրավաբանական հանրության առաջարկը

Սահմանադրական դատարանի նիստը, արխիվ:

Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կառաջադրի միայն այդ հարցով լայն խորհրդակցական գործընթացներ կազմակերպելուց հետո։

Նախագահի աշխատակազմից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ համապատասխան ընթացակարգերը մշակելու աշխատանքները սկսվել են։

Երկրի նախագահին այս հարցով դիմած ավելի քան երկու տասնյակ իրավաբանական կազմակերպության ներկայացուցիչները ողջունում են Արմեն Սարգսյանի որոշումը:

«Հանրային վստահության ձևավորման տեսանկյունից շատ կարևոր ընթացակարգ է, և անթույլատրելի կլիներ․․․ Դա ըստ էության Սահմանադրական դատարանի հեղինակության տեսանկյունից չափազանց անընդունելի կլիներ, եթե դատավորի թեկնածուները առաջադրվեին ստվերային պայմանավորվածությունների և համաձայնությունների արդյունքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իրավունքի Եվրոպա միավորման ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

«Շատ դրական եմ դա համարում, որովհետև եկել է այն ժամանակը, երբ որ հանրությունը պիտի տեղեկանա, թե կոնկրետ տարբեր մարմիններում առաջադրվող թեկնածուն ինչու առաջադրվեց, արդյո՞ք արժանի է․․․ Հասարակության համար ամեն ինչ պետք է լինի տեսանելի», - հավելեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Սահմանադրական դատարանում այս պահին դատավորի մեկ թափուր պաշտոն կա։ Մոտ երկու շաբաթ առաջ նախագահ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում, խորհրդարանին էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Ընդդիմադիրները սակայն բոյկոտեցին քվեարկությունը, ինչի արդյունքում թկնածուին չհաջողվեց ստանալ խորհրդարանի 3/5-ի՝ 63 պատգամավորի աջակցությունը։

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, նախագահը պետք է մինչև մայիսի 14-ը ներկայացներ նոր թեկնածություն: Սակայն Արմեն Սարգսյանի գրասենյակից այսօր փոխանցեցին, որ նախագահն իր նախաձեռնության մասին գրավոր տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ վստահեցնելով, որ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը ողջամիտ ժամկետում թեկնածություն առաջադրելու համար։

Լուսինե Սահակյանի կարծիքով, ճիշտ կլինի, որ թեկնածուին ընտրի նախագահի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովը․ - «Բոլորը պետք է տեսնեն, թե թեկնածուն ինչպես է պատասխանում առաջադրված հարցերին և ինչպիսի որակների է տիրապետում»:

Տիգրան Եգորյանի խոսքով, իրենց կազմակերպությունը դիտորդի կարգավիճակով ուշադրությամբ կհետևի, որ նախագահի առաջարկած գործընթացները լինեն թափանցիկ ու արդարացի․ - «Մենք հենց այդ գործունեությամբ ենք զբաղվելու և չենք մտնելու առաջարկությունների կամ գնահատականների դաշտ մինչև դիտորդական առաքելության իրականացումը»:

Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղի համար մրցույթի անցկացումը անհրաժեշտ էին համարել նաև մայիսի 4-ին խորհրդարանում քվեարկությունը բոյկոտած ընդդիմադիր պատգամավորները։ Հանրապետական խմբակցությունը, սակայն, մրցույթի անցկացումը պարտադիր չէր համարել։

Նախագահ Արմեն Սարգսյանին դիմած փաստաբանները կարծում են, խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետականի պատգամավորները ստիպված կլինեն քվեարկել մրցութային կարգով ընտրված թեկնածուի օգտին։

Լուսինե Սահակյան․ - «Եթե իրականում հասարակության համար տեսանելի մրցույթով ընտրված թեկնածու առաջադրվի, հանրապետականների համար շատ դժվար է լինելու դեմ քվեարկել, որովհետև պետք է լինի պատճառաբանություն, թե ինչու»:

Տիգրան Եգորյան․ - «Սրանք հարցեր են, որտեղ քաղաքական նախապատմությունները չեն գործում, հարցեր են, որոնք այդ լայն, հեղինակավոր գործընթացի արդյունքնում ձևավորված հեղինակավոր կարծիքները ըստ էության անհնար է մերժել քաղաքական նկատառումներով»:

Նշենք, որ ՍԴ անդամի թափուր տեղ էր առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանն այժմ գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը: