Արմավիրի մարզում զանգվածային թունավորումների դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար, ֆեյսուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Երեկ ժամը 22-ի դրությամբ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ 64 աշխատակից դիմել էր Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններ։ Ըստ առողջապահության նախարարության, հիվանդները գանգատվել են սրտխառնոցից, փսխումից, ջերմությունից, լուծից, գլխապտույտից: Պարզվել է, որ բոլոր տուժածները կերել են նույն սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպության պատրաստած բուտերբրոդներ՝ հավի մսով: Նույն սնունդն օգտագործել է կազմակերպության 200-ից ավելի աշխատակից։

Այսօրվա դրությամբ հիվանդանոցներում բուժումը շարունակում է մոտ 80 տուժած, նրանց վիճակը բավարար է։