Այսօր լրագրողների հետ զրույցում ընդգծելով, որ այդ համաձայնագրում Հայաստանի շահերը լիարժեքորեն հաշվի են առնված, Փաշինյանը հավելեց․ «Հույս ունենք, որ դա կաշխուժացնի Իրանի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունները, որովհետև հնարավորություններ են ստեղծվում: Հույս ունենք, որ այդ հնարավորությունները լիարժեք կօգտագործենք»:
ԵՏՄ-ի ու Իրանի միջև այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ստորագրված՝ «Ազատ առևտրի գոտու մասին» ժամանակավոր համաձայնագիրը թույլ կտա մի շարք ապրանքների ներմուծման պարագայում նվազեցնել կամ զրոյացնել կողմերից պահանջվող մաքսային վճարները: Ժամանակավոր համաձայնագիրը գործելու է երեք տարի, այդ ընթացքում պետք է նախապատրաստվի լիարժեք համաձայնագիրը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԵՏՄ-Իրան համաձայնության արդյունքում Հայաստանը կշահի, լինելով տարանցիկ երկիր՝ Իրանի ու ԵՏՄ անդամ այլ պետությունների միջև: «Սա նաև հնարավորություն է, որպեսզի առանձին ապրանքատեսակների արտադրությունը կազմակերպվի հենց Մեղրիի ազատ առևտրի գոտում, որ շատ ավելի դյուրին լինի այստեղից ապրանքների տեղափոխումը»,- ասաց Մինասյանը: Նշենք, որ անցած տարի հայ-իրանական երկկողմ առևտուրը կազմել է 263,3 միլիոն դոլար, ինչը 10,1 տոկոսվ ավելի է 2016 թվականի համեմատ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ԵՏՄ-Իրան այս համաձայնագիրը Թեհրանում դիտարկում են նաև որպես յուրատեսակ արձագանք՝ Իսլամական հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին: «Ընդհանրապես շատ կարևոր է հաշվի առնել մի հանգամանք՝ խոսքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև հեռախոսազրույցի մասին է, որի ընթացքում, իրանական պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ, հատկապես շեշտադրվել է ԵՏՄ համատեքստում Հայաստան-Իրան հարաբերությունները:
Սա ցուցիչ է առ այն, որ իրանցիները մեր պետությունների միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների այս հատվածը դիտարկում են որպես կարևոր կետ»,- «Ազատությանն» ասաց Վարդան Ոսկանյանը: