Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության, Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է մայիսի 23-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին:
Պաշտպանության նախարարը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում և կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման անհրաժեշտությունը:
Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ Հայաստանը այսուհետ ևս կշարունակի կառուցողական ջանք գործադրել կազմակերպության կայացման, միջազգային վարկանիշի և հեղինակության բարձրացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նշենք, որ Յուրի Խաչատուրովին այսօր ընդունել է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։