«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների աջակիցները հայտարարեցին, որ բացում են Արշակունյաց պողոտան, սակայն շրջափակած կպահեն Շենգավիթ վարչական շրջանի դատարանի շենքը։
Հիշեցնենք՝ երեկ դատարանը մերժեց «Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդությունը, որից հետո նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան և փակ պահեցին մոտ 24 ժամ։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կոչ արեց դադարեցնել բոլոր ակցիաները, քաղաքացիական անհնազանդության գործողությունները, բացել փակ փողոցները։
«Մենք պետք է հստակ ցույց տանք, որ կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը, և ՀՀ քաղաքացիները չունեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու առիթ», - մասնավորապես ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև կոչ արեց հնարավորություն տալ կառավարությանը խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության ու զբաղվել դրանց լուծումներով։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան:
Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։