Փաշինյանի կառավարության նորամուծություններից մեկն է՝ նիստից օրերին լսել շենքի առջև իրենց խնդիրների լուծման հետևից եկած քաղաքացիներին։ Ինչպես նախորդ նիստի օրը, այսօր ևս լսելով բոլորին և վերցնելով իրեն ուղղված նամակները, վարչապետը հայտարարեց՝ բոլորս դադարի կարիք ունենք։ Խնդիրներին անհրաժեշտ է համակարգված լուծումներ տալ․ - «Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Որովհետև եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք: Դրա համար մենք պետք է հերթով, հանգիստ, հանդարտ հասկանանք բոլոր հարցերը և հերթով զբաղվենք դրանց լուծմամբ»:
Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ այս խնդիրները նոր չեն, սակայն նախկին իշխանությունը շատ դեպքերում ճնշել են դրանց բարձրաձայնումը․ - «Հիմա, բնականաբար, այդ ճնշումների մեխանիզմը չկա, և մարդիկ ազատ արտահայտվելու իրենց հնարավորությունից օգտվում են»:
Կառավարության շենքի առջև ցույցերին զուգահեռ, ընդունելությունների սրահում Կառավարության ներկայացուցիչ Հայկ Սիմոնյանը լսում էր «Գլենդել հիլզից» տուժած քաղաքացիներին։
Մոտ 300 ընտանիք «Գլենդել հիլզ» ընկերության հետ 2007 թվականին պայմանագիր է կնքել՝ բնակարան գնելու համար։ 11 տարի է անցել, ընկերությունը սնանկ է ճանաչված, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն։
««Փրոջեքթ Դի», «Փրոջեքթ Սի» կազմակերպությունները դուրս եկան, որոնք մեզ հետ փորձեցին պայմանագիր կնքել: Մեր բնակարանները գրավի տակ են Ամերիաբանկում․ մենք ստիպված գնացինք այդ քայլին: Նոյեմբերի 30-ին պայմանագիրը պետք է վերջանար», - «Ազատությանն» ասաց տուժած քաղաքացիներից մեկը:
Կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ բնակիչները կասկած հայտնեցին, որ սնակության գործընթացը կեղծ է և պահանջեցին միջամտել, որպեսզի իրենց ապահովեն բնակարաններով կամ վերադարձնեն վճարված գումարները:
Պաշտոնյան նշեց, որ կառավարությունը կարող է միայն միջնորդի դեր կատարել ու խոստացավ ուսումնասիրել խնդիրը․ - «Պահանջել, պարտադրել չի կարող լինել, որովհետև պրոցեսները արդեն դատարանի դաշտում են, սնանկացման գործընթացում: Փորձելու ենք բանակցել, որպեսզի կառուցապատող, բանկ և ձեր շահերը մոտեցնենք իրար»: