«Պետք է օրենքն այնպես փոխենք, որպեսզի որևէ պաշտոնյա այլևս տեղ չունենա բուհերի խորհուրդներում. ԿԳ նախարար

Նախքան կառավարության այսօրվա նիստի մեկնարկը կառավարության շենքի առջև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

«Ազատության» հարցին, թե բուհերի կառավարման խորհուրդներում բոլորը հիմնականում հանրապետական են, ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու, Հարությունյանը պատասխանեց. - «Հիմա Բարձրագույն կրթության մասին օրենքն է քննարկվում, մենք ուզում ենք, որպեսզի այդ օրենքն օր առաջ ընդունվի, որպեսզի այդ խնդիրն օր առաջ դուրս գա օրակարգից։ Գիտեք Բարձրագույն կրթության մասին օրենքը, որ բերել էին, պետական պաշտոնյաներն իրավունք չունեին տեղ զբաղեցնել խորհուրդներում, բայց դեկտեմբերի մի փոփոխությամբ՝ Սերժ Սարգսյանի հրահանգով այն փոխվեց՝ մեկ-երկու պաշտոնյա կարող են տեղ զբաղեցնել բուհերի խորհուրդներում։ Հիմա մենք պետք է դա էլ փոխենք, որպեսզի որևէ պաշտոնյա, որևէ գործիչ այլևս տեղ չունենա բուհերի խորհուրդներում, որպեսզի բուհերն առավելագույնս լինեն ինքնավար և ակադեմիական ազատությունը դրանից չտուժի», - ասաց նախարարը։