Դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր մերժեց Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու և կալանքից ազատ արձակելու միջնորդությունը:
Դատավորը պնդեց՝ չնայած քաղաքական իրողության փոփոխությանը, զինված խմբի անդամները չեն կարող ազատ արձակվել կալանքից, քանի որ առկա են լուրջ հիմքեր՝ նրանց կալանքի տակ պահելու համար։
«Դեռևս հարցաքննված չեն ինչպես տուժողները, վկաները, այնպես էլ սույն քրեական գործից անջատված մասով մեղադրյալները, ովքեր մեղադրող ցուցմունքներ են տվել քրեական գործում անցնող ամբաստանյալների նկատմամբ», - հիմնավորեց դատավոր Մակյանը, - «Հետևապես, փաստելով, որ դատավարության հիշյալ մասնակիցները ոչ միայն ոստիկանության աշխատակիցներ են, այլ նաև շարքային քաղաքացիներ, դատարանը հիմնավոր է համարում նաև այդ անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը»:
Դատավորը չէր հասցրել ընթերցել որոշումը, երբ մեկը մյուսի հետևից թե՛ զինված խմբի անդամները, և թե՛ նրանց փաստաբանները լքեցին նիստերի դահլիճը։ Դատավորը սանկցիա կիրառեց ամբաստանյալների նկատմամբ՝ առանց թույլտվության նիստերի դահլիճը լքելու համար՝ նրանց հեռացնելով դատական նիստերի դահլիճից «10 ժամ ժամանակահատվածով»:
Ի նշան բողոքի՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։
«Սասնա ծռերին» կալանքից ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել նրանց պաշտպանները։ Մեղադրող դատախազները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ հայտարարեցին՝ զինված խմբի անդամները չեն կարող ազատ արձակվել։
Դատական նիստի ընթացքում «Սասնա ծռերի» փաստաբանները պնդում էին՝ զինված խումբն ապստամբություն է արել ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրա թիմի, և քանի որ Սարգսյանն այլևս իշխանություն չունի, ազատության մեջ գտնվելով՝ «Սասնա ծռերը» նոր հանցագործություն, ինչպես պնդում են մեղադրող դատախազները, չեն կատարի։
«Մահացել է այն վարչախումբը, որի դեմ պայքարել են այս անձինք», - հայտարարեց փաստաբան Երվանդ Վարոսյանը, - «Ակնհայտ է, որ այս իրավիճակի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ եթե անգամ տեսականորեն որևէ մեկի երևակայության մեջ լինեին կալանավորման հիմքեր, դրանք էլ մահացան այն ռեժիմի հետ, որի մահը մենք բոլորս տեսանք»:
Փաստաբան Լուսինե Սահակյանը ասում էր՝ չկա որևէ հիմք նրանց կալանքի տակ պահելու համար․ - «Ինչ վերաբերում է թաքնվելու ռիսկին, դա չի եղել ի սկզբանե: Մենք պետք է հասկանանք, որ այստեղ նստած են անձինք, ովքեր չեն կարող լքել իրենց երկիրը, հեռանալ իրենց երկրից, թաքնվել երկրի՝ այսպես ասած՝ շնչառության համար անհրաժեշտ բոլոր գործողությունների կատարումից: Նրանք պետք է միջամտեն դրանց, նրանք պետք է լինեն պայքարի մեջ, նրանք պետք է լինեն ազատության մեջ և դրսում: Ուստի նրանք չեն թաքնվելու և դա ակնհայտ է»:
Զինված խմբի առանցքային անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ պետք է ազատ արձակվեն խմբի բոլոր անդամները՝ այդ թվում և Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը: Վերջիններս մեղադրվում են գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանի սպանության մեջ։
«Պարոն Մակյան, եթե Դուք այսօր կայացնեք ճիշտ, արդարացի որոշում ի հաստատումն ապստամբության իրավունքի, ապա այդ դեպքում Դուք Ձեզ կզատեք մնացյալից և հնարավորություն կունենաք, Ձեր ցանկության դեպքում, իհարկե, հետագայում մաս կազմել այդ՝ ժողովրդի վստահությունը վայելող դատարանի», - հավելեց Ավետիսյանը:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։