Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ավելի քան մեկ ժամ քննարկեց հայաստանյան վերջին զարգացումները՝ Բրյուսելին կոչ անելով մեծացնել աջակցությունը Հայաստանին և արդեն այսօրվանից պատրաստվել ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելուն:
«Այս հանձնաժողովը, ողջ Եվրոպական խորրհդարանն անհամբեր է Հայաստանի, այդ երկրի նոր ղեկավարների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն ընդարձակելու հարցում»,- քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի հարցով զեկուցող, հունգարացի Լասլո Թոքեշը:
«Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ժողովրդավարության դաս կարող է լինել շատերի համար»,- ասաց Լիտվացի Պետրաս Աուստրեվիչիուսը, շարունակելով․ «Ժողովուրդն ու քաղաքացիներն ամենից լավ գիտեն՝ ինչ փոփոխություններ են պետք երկրին, և սա շատ լավ դաս է այն քաղաքական գործիչների համար, որոնք փորձում են մոլորեցնել նրանց: Եվ ես դիմում եմ Եվրամիությանը՝ մենք պետք է առավել մեծ պատվիրակությամբ հենց հիմա գնանք Հայաստան և ցույց տանք մեր համերաշխությունն ու աջակցությունը»:
Քննարկումներից առաջ հանձնաժողովը գրեթե միաձայն հավանություն էր տվել Հայաստանի և ԵՄ-ի միջև անցած տարի ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Ողջունելով այդ քայլը՝ Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծեց՝ պաշտոնական Երևանը հաստատակամ է՝ այսուհետ ևս շարունակել և խորացնել կապերը եվրոպական ընտանիքի հետ:
«Եվրամիությունը կենսական դեր ունի Հայաստանում ժողովդրավարության ամրապնդման հարցում: Վերջին ներքաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարության գաղափարները սրտին մոտ է ընդունել ու լիովին հավատարիմ է դրանց: Այսօր, երբ ճգնաժամն այլևս անցյալում է, կարևոր է նշել, որ այս ընթացքում Հայաստանի քաղաքացիներն ազատորեն իրացրեցին իենց իրավունքները խաղաղ ու ոչ բռնի եղանակներով:
Կողմներն էլ ցուցաբերեցին զսպվածություն, ներգրավվեցին բովանդակալից երկխոսության մեջ, ինչը հնարավոր դարձրեց իշխանության փոխանցումը հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում: Սա անկասկած ի ցույց դրեց քաղաքական այն հասունությունը, որին մեր երկիը հասել էր վերջին տարիներին»,- հայտարարեց դեսպան Մարգարյանը:
Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթներին Հայաստանում, պատմական զարգացում էր, հայտարարում էին եվրոպացի պատգամավորները, միաժամանակ փաստելով, որ սա առաջին քայլն է միայն․ առջևում սպասվում են լուրջ մարտահրավերներ՝ կառավարությանն ընդդիմադիր խորհդարանական մեծամասնության առկայությունից մինչև արտահերթ խորհդարանական ընտրություններ:
Այս առումով հատկապես հետաքրքիր էին անցած տարվա ընտրությունները դիտարկած պատգամավորների ելույթները, որոնք այսօր բաց և անկաշկանդ խոսում էին իրենց արձանագրած խախտումների ու կեղծքիների մասին: «Մենք շատ լավ գիտենք՝ ինչ տեղի ունեցավ վերջին ընտրություններում»,- ասաց 2017-ի խորհրդարանական ընտրությունների շրջանում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալան:
«Շատ լավ կլինի, որ Եվրախորհրդարանն արդեն այսօրվանից սկսի պատրաստվել արտահերթ ընտրություններին, երբ էլ որ Հայաստանի նոր կառավարությունը որոշի դրանք անցկացնել: Մենք պետք է պատարստ լինենք՝ բավական վաղ սկսել երկարաժամկետ դիտորդական առաքելության իրականացումը, մենք շատ լավ ենք հիշում՝ ինչ եղավ անցած անգամ, և կարծում եմ՝ հիմա ժամանակն է երաշխավորել, որ ընտրակաշառք, ընտրողների վրա ճնշումներ, վարչական ռեսուրսի չարաշահում չի լինելու»,- ասաց Հաութալան:
ժողովրդավարության ընթացքն այսօրվա Հայաստանում այլևս անշրջելի է՝ եվրոպացի պատգամավորների մտահոգություններին ի պատասխան, հայտարարեց դեսպան Թաթուլ Մարգարյանը: «Նոր կառավարությունը խոստացել է անել առավելագույնը, որպեսզի ժողովրդավարական զարգացումներն էլ ավելի սնուցվեն և համապատասխանեն եվրոպական լավագույն օրինակներին: Նիկոլ Փաշինյանի գխավորած նոր՝ միասնության կառավարությունում կան պրոֆեսիոնալներ, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Մենք անհամբերությամբ ենք սպասում Եվրոպական խորհրդարանի և Եվրամիության աջակցությանը՝ մեր ժողովրդի ակնկալիքներն ու սպասումներն արդարացնելու ճանապարհին»,- շարունակեց Մարգարյանը:
Հիշեցնելով «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը, Եվրախորհդարանի պատգամավորներն այսօր կոչ արեցին Բրյուսելին՝ հաշվի առնել Հայաստանում արձանագրված դրական տեղաշարժերն ու աջակցել Երևանին ոչ միայն ֆինանսապես ու տեխնիկապես, այլև նոր թափ հաղորդել վիզային ռեժիմի վերացման շուրջ քննարկումներին: «Հայաստանը հարուստ պատմական ժառանգություն ու հասուն ժողովրդավարություն ունեցող երկիր է»,- հայտարարեց բրիտանացի Չարլզ Թաննոքը:
«Հայաստանը, որպես պետություն, ցույց տվեց հասունության, ժողովրդավարության բարձր աստիճան՝ հարգելով քաղաքացիների կամքն օրենքի գերիշխանության շրջանակներում: Եվ ես կուզենայի ամենայն բարիք մաղթել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը: Ես կողջունեմ Հայաստանին ու Եվրամիության երկրներին առավել լայն հնարավորություններ տվող այս քայլը, որպեսզի թե՛ հայաստանցիները կարողանան այցելել մեր երկրներ, թե՛ եվրոպացիները մեկնեն Հայաստան, որը մի հրաշալի երկիր է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով»,- ասաց Չարլզ Թաննոքը: