Սերժ Սարգսյանի գլխավորած նախկին իշխանության ներկայացուցիչները շարունակում են պահպանել դատական համակարգի վրա ունեցած լծակները, ինչի շնորհիվ էլ խոչընդոտում են քաղբանտարկյալների խնդրի լուծմանը, կարծում են հայաստանյան մի քանի իրավապաշտպաններ:
Հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ, երեկ գլխավոր դատախազը պնդել էր, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Սա ցուցիչ է, որ իրավապահ ու դատական համակարգերը դեռ ազատ չեն, ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «Նրանք շատ լավ գիտեն, որ պատվեր են կատարել: Ուղղակի, իմ համոզմամբ, նրանք դեռևս չեն հավատում, որ իշխանություն է փոխվել և լսում են իրենց նախկին ցուցում տվողներին»,- ասում է Իշխանյանը:
Քանի որ վարչապետը դատախազին հեռացնելու և ըստ օրենքի՝ դատական համակարգի վրա ազդելու իրավասություն չունի՝ չպետք է քաղբանտարկյալների հարցում արագ լուծումներ ակնկալել, կարծում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: «Ինչպես հայտնի է, Հայաստանում դատախազությունը շատ մեծ ազդեցություն ունի դատարանների վրա, և ես հնարավոր եմ համարում, որ դատարանները դժվար թե միանգամից գնան արդար որոշումների, ինքնուրույն որոշումների»,- նշում է Ալեքսանյանը:
Այս դրությունը նախկին իշխանությունների կողմից Փաշինյանի դեմ հարուցված խոչընդոտ կարող է լինել, կարծում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը: «Ինչ-որ իմաստով փակուղային իրավիճակ է, ինչը, կարծում եմ, նաև նպատակ ունի վարկաբեկել նոր իշխանությանը: Այսինքն՝ հասարակության մեջ կարող է հիասթափություն սկսվել»,- կարծիք է հայտնում Իշխանյանը:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ընթացքում քաղբանտարկյալների ազատման մասին բարձրաձայնած Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ քաղաքական հայացքների համար ազատազրկված մարդիկ պետք է ազատվեն, բայց օրինական ճանապարհներով:
«Ես ինքս էլ լինելով նախկին քաղբանտարկյալ, պարզ է, որ վարչապետի աշխատասենյակ մտնելուց հետո իմ առաջին մտածումների և մտահոգությունների առարկան հենց այս խնդիրն է եղել և շարունակում է այդ խնդիրը մնալ։ Բայց ես գիտեմ նաև, որ սա շատ նուրբ և բարդ խնդիր է, որոշակի իրավական նրբություններով և խնդիրը պետք է լուծել բացառպես իրավական դաշտում: Եվ որևէ կասկած չունեմ, որ առաջիկայում որևէ գործիքի կիրառմամբ քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ»,- ասել էր վարչապետ Փաշինյանը:
Մոտ մեկ շաբաթ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը նաև ընգծել էր՝ քաղբանտարկյալները, որոնց գործերը չեն առնչվում որևէ անձի մահվան դեպքի, պետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեն, կամ օգտվեն համաներման ու օրենքով նախատեսված, այլ հնարավորություններից: Ըստ վարչապետի՝ այլ իրավիճակ է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով, և պետք է հանրային քննարկում ունենալ այդ հարցով՝ լսելով նաև երեք սպանված ոստիկանների ընտանիքներին:
Իրավապաշտպանները համաձայն են՝ սպանված ոստիկանների դեպքերով մանրազնին քննության կարիք կա: Իսկ զինված խմբի՝ սպանություններին առնչություն չունեցող անդամներին նոր իրավիճակում ազատելու իրավական հիմքեր առկա են, կարծում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Վերջին օրերին «Սասնա ծռերին» ազատ արձակելու պահանջով նրանց կողմնակիցներն օրեր շարունակ բողոքի միջոցառումներ են իրականացնում՝ նաև ճանապարհներ փակելով: