ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժը դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԱԺ նիստերի դահլիճում, արխիվ

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը վաղաժամ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին խոսելը։ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնում են այն ժամանակ, երբ լինում է քաղաքական ճգնաժամ, երբ կառավարության ծրագիրն ունենում է անհաղթահարելի պրոբլեմներ՝ իր քաղաքականությունն իրականացնելու համար: Մենք բացահայտ հայտարարել ենք, որ մենք արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության գործողություններին»,- «Ազատությանն» ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները «Թավշյա հեղափոխության» շրջանում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրային քարտեզի հանգուցալուծումն է։ ԱԺ հանրապետական փոխնախագահ Շարմազանովը, սակայն, կարծում է, որ այս պահին անգամ Փաշինյանի կառավարությունը չի մտածում արտահերթ ընտրությունների մասին․ «Այս պահին մենք տեսնում ենք, որ նույնիսկ կառավարության օրակարգում շտապ ընտրությունների անցկացում, մեկ-երկու ամսվա ընթացքում, չկա, առնվազն ես նման տպավորություն չունեմ»:

Թե երբ կանցկացվեն արտահերթ ընտրություններ, այդ հարցին երեկ հստակ պատասխան չտվեց նաև համաժողովրդական շարժման առաջնորդը: «Կքննարկենք այդ հարցը, ես կարծում եմ՝ այս տարի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Առաջիկա շաբաթներին Նիկոլ Փաշինյանը խորհրդարան պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը, որի հաստատվելու դեպքում խորհրդարանն առնվազն մեկ տարի չի կարող հեռացնել Փաշինյանին վարչապետի պաշտոնից։ Ըստ Սահմանադրության, այդ ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր կլինի անցկացնել այն դեպքում, եթե վարչապետը հրաժարական տա և խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ։

Հանրապետական խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ պատգամավոր Գևորգ Կոստանյանն ընդհանրապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում։ «Եթե քաղաքական իրավիճակը և քաղաքական դասավորվածությունն այնպիսին է, կլինի դա ընդդիմություն թե իշխանություն, որ երկուսի գործողությունն էլ բացառապես ուղղված է երկրի բարօրությանը, իմ խորիին համոզմամբ՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա»,- ասաց Կոստանյանը:

Այս խորհրդարանն այլևս չունի հասարակության վստահության մանդատը, և հեղափոխության տրամաբանական հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են, հայտարարում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եթե այս պրոցեսը չտարավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ուրեմն մենք իրավունք կունենանք խոսելու այն մասին, որ շարժման լիդերներն ի սկզբանե բացարձակապես այլ խնդիրներ էին դրել իրենց առջև»,- ասում է Զոհրաբյանը:

Նրա համար հասկանալի է հանրապետականների դիրքորոշման դրդապատճառը․ արտահերթ ընտրությունները կարող են այժմյան մեծամասնությանը դուրս թողնել ապագա խորհրդարանից․ «Եթե չեն աշխատելու իրենց մշտական վերարտադրության երկու գործիքները՝ վարչական ռեսուրսը և ֆինանսը, ապա կարծում եմ, որ Հանրապետականին ձայն տալու են միայն նրանք, ովքեր իրենց համարում են իրապես գաղափարական կուսակցականներ: Եկեք լինենք անկեղծ՝ ես և դուք հրաշալի հասկանում ենք, որ դրանց թիվը մեր երկրում լինելու է շատ փոքր»:

«Ծառուկյան» խմբակցությունը պատրաստ է հենց վաղը գնալ արտահերթ ընտությունների, սակայն այս ուժի համար, այդուհանդերձ, նախընտրելի կլինի ընտրությունների գնալ բարեփոխված օրենսդրությամբ: Զոհրաբյանի խոսքով՝ իրենց խմբակցության պատգամավորներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ։

«Ռեյտինգային համակարգով ոչ թե ընտրություն է լինում ծրագրերի, այլ ռեսուրսների միջև: Այս ընտրակարգով ընտրության գնալ չի կարելի: Բայց եթե ԱԺ մեծամասնությունն այս պահին կարող է տապալել ցանկացած նախաձեռնություն, ապա մենք պատրաստ ենք նաև գործող ընտրակարգով գնալ ընտրությունների, որը համարում ենք ոչ ճիշտ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: