Ռուսաստանում բանտարկված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը անժամկետ հացադուլ է հայտարարել

Օլեգ Սենցովը Դոնի Ռոստովի դատարանում, օգոստոս, 2015թ.

Ռուսաստանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը մայիսի 14-ից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Ռուսաստանում բանտարկված ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալներին: Այս մասին հայտնել է նրա փաստաբանը:

Փաստաբանին Սենցովի փոխանցած նամակում նշված է, որ Ռուսաստանում 64 ուկրաինացի քաղբանտարկյալ կա: Անձամբ իրեն ազատ արձակելու պահանջ նա չի դրել, հայտարարելով, թե ինքը կա՛մ կզոհվի, կա՛մ ուկրաինացի քաղբանտարկյալները ազատ կարձակվեն:

Ռուսաստանի հատուկ ծառայությունները Օլեգ Սենցովին և ակտիվիստ Ալեքսանդր Կոլչենկոյին Ղրիմում ձերբակալել են 2014 թվականին՝ նրանց մեղադրելով Ղրիմում ահաբեկչական գործողություններ պլանավորելու մեջ: 2015-ին Դոնի Ռոստովի դատարանը Օլեգ Սենցովին դատապարտել է 20 տարվա, իսկ Կոլչենկոյին՝ 10 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրանքը չեն ընդունել: «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը նրանց քաղբանտարկյալ է ճանաչել, իսկ Ռուսաստանի իշխանությունները նրանց ընդգրկել են «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցանկում:

Օլեգ Սենցովը պատիժը կրում է Յամալո-Նենեցկի ինքնավար մարզում գտնվող խիստ ռեժիմի գաղութում: