Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
2017թ. մայիսի 16-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, Էրդողանի թիկնապահներն առանց դրդապատճառի հարձակվեցին և դաժանորեն ծեծեցին քուրդ և հայ ցուցարարներին, որոնք հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Ցուցարարներից ինը լուրջ վնասվածքներ ստացան...
Ինչպես հայտնում է «Վաշինգտոնյան» (Washingtonian) ամսագիրը, «հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում, Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմն ասաց․ - «Իմ ոստիկանական գործունեության 28 տարիների ընթացքում հազվադեպ եմ տեսել այն, ինչ տեսա Շերիդանի շրջանում»: Ներկայացուցիչների պալատը ընդունեց մի բանաձև ձայների 397-0 հարաբերակցությամբ՝ կոչ անելով «մեղավորներին պատասխանատվության ենթարկել և միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերն ապագայում կանխելու ուղղությամբ»:
Անցյալ տարվա հուլիսին դաշնային մեծ ժյուրին մեղադրանք առաջադրեց Էրդողանի թիկնազորի 19 անդամներին, որոնց մեծ մասը դիվանագիտական անձեռնմխելիություն ուներ: Որպես հետևանք, նրանք չէին կարող ձերբակալվել, իսկ հետո նրանց թույլատրվեց վերադառնալ Թուրքիա: Երկու թուրք ամերիկացիներ ձերբակալվեցին և հետագայում դատապարտվեցին մեկ տարի և մեկ օր բանտարկության: Այս միջադեպից մի քանի ամիս անց Էրդողանի թիկնապահների մեծամասնության դեմ մեղադրանքները հանվեցին՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Թուրքիա այցի նախօրեին:
Բարեբախտաբար, Վաշինգտոնի մի խումբ ամերիկացի փաստաբաններ այնքան վրդովված էին Էրդողանի թիկնապահների հարձակումների և Թուրքիա փախուստի պատճառով, որ անցյալ շաբաթ որոշեցին դատի տալ թուրքական կառավարությանը, նաև երկու թուրք ամերիկացիներին և երեք թուրք կանադացիներին՝ «միջազգային իրավունքի ոտնահարման, ատելության հանցանքների, ինչպես նաև հարձակման, ծեծի ու կեղծ կալանավորման համար»: Մայիսի 3-ին մեկ այլ ամերիկյան փաստաբանական ընկերություն հինգ ցուցարարների կողմից առանձին հայց ներկայացրեց ընդդեմ Թուրքիայի:
«Վաշինգտոնյան»-ը հաղորդել է. - «Երբ ԱՄՆ կառավարությունը չի կարող կամ չի ցանկանում արդարություն ձեռք բերել Շերիդանի շրջանի տուժածների համար, Վաշինգտոնի մի խումբ փաստաբաններ ձեռնամուխ են եղել դա անելու: Դուգլաս Բրեգմանը պատկերացում չէր ունեցել հասարակական կարգի խախտման, ինչպես նաև հրահրման մասին: Սակայն այն, ինչ տեսավ երեկոյան լուրերով, սարսափեցրեց նրան. - «Այս մարդը [Էրդողանը] եկել է մեր երկիր, Սպիտակ տանը խոսել է նախագահի հետ, իսկ հետո իր մարդասպաններին ուղարկել է արյունլվա անելու ամերիկացի քաղաքացիներին պարզապես նրանց արտահայտվելո՞ւ համար»:
«Վաշինգտոնյան»-ը հավելել է. - «68-ամյա Բրեգմանը ղեկավարում է քաղաքացիական գործերով փաստաբանական ընկերություն Բեթեսդայում: Նա ծնունդով Ֆիլադելֆիայի մերձակայքից է, 1970-ականներին իրավաբանի դիպլոմ է ստացել Ջորջթաունի համալսարանում և հաստատվել այնտեղ: Նա դասավանդել է այդ և Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցում: 1960-ականներին մասնակցելով բողոքի ցույցերին, նա գիտակցել է, որ անհրաժեշտություն կա պաշտպանելու խոսքի ազատությունը, իր խոսքերով՝ «իշխանության չարաշահման» սպառնալիքներից: Բրեգմանը զանգահարել է իր գործընկերներից մեկին՝ Անդրեաս Աքարասին, որ աշխատում էր որպես իրավաբան «Բրեգման, Բերբերտ, Շվարց և Գիլդա» փաստաբանական ընկերությունում, և հարցրել՝ «Տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունեցել այսօր Վաշինգտոնում»: Աքարասը միացել էր Բրեգմանի ընկերությանը յոթ տարի աշխատելուց հետո որպես Մերիլենդի կոնգրեսական Ջոն Սարբանեսի օգնական: Նա աշխատել էր Հարավարևելյան Եվրոպայի և Միջերկրածովյան երկրների հետ կապված մի շարք հարցերի շուրջ, զարգացնելով կապերը Թուրքիայում, Հունաստանում, Կիպրոսում և Իսրայելում: Բրեգմանը խնդրել է նրան, ուսումնասիրել, թե հնարավո՞ր է արդյոք որևէ իրավական փոխհատուցում ստանալ տուժածների համար»:
Բրեգմանը հետագայում կապ հաստատեց Վաշինգտոնի երկարամյա փաստաբան Սթիվ Փեռլսի հետ: «Ինձ մոտ եղած դատական գործը պետք է հիմնված լինի Օտարերկրյա ինքնիշխանության անձեռնմխելիության օրենքի [FSIA] վրա», - ասաց Բրեգմանը: - «Դու այն մարդն ես, որը կարող է դա անել»: Փեռլսը երկար տարիների հաջողության փորձ ունի Գերմանիային Հոլոքոսթի փոխհատուցման համար դատի տալու և Իրանին ու Լիբիային՝ «ահաբեկչական գործողությունների» վնասները վճարելու համար»:
«Վաշինգտոնյան»-ը հաղորդում է. - «Աշխատելով Բրեգմանի և Աքարասի հետ, Փեռլսը պատրաստվում է հայց ներկայացնել հարյուրավոր միլիոնների վնասի վճարման համար Թուրքիայի Հանրապետությունից: «Ցանկացած օտարերկրյա պետության ղեկավար, որն իր անվտանգության ուժերը բաց է թողնում ԱՄՆ քաղաքացիների դեմ, որոնք իրենց օրինական իրավունքներն իրականացնում են ամերիկյան հողի վրա, չեն օգտվում FSIA օրենքի պաշտպանությունից», - ասաց Փեռլսը: Մյուս իրավաբանները նրա հետ համաձայն են: Խումբը, Ագնեշկա Ֆրիզմանի («Քոհեն Միլշտեյն») ղեկավարությամբ, հայց է ներկայացրել տուժողի՝ հետևանքների մասին հայտարարության հիման վրա, ներկայացնելով Վաշինգտոնում հարձակման 13 տուժածներին, ներառյալ Մուրադ Յասային և Հիվա Արիային: Իրավաբանական խումբը ավելացրել է Մայքլ Թիգարին, որը հաջողությամբ դատի էր տվել Չիլիին՝ 1976 թվականին Վաշինգտոնում Օռլանդո Լեթելիերի սպանության համար՝ մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից.... Թիգարն ասաց, որ Ամերիկյան համալսարանի իրավաբանական դպրոցի ուսանողներն ի մի են բերում դատական հայցն ընդդեմ Թուրքիայի: Նա վստահ է իր ուժերի վրա: «Այն ժամանակ դա տևեց 16 տարի, սակայն մեզ հաջողվեց4 միլիոն դոլար ստանալ Չիլիից», - ասաց նա»:
Բրեգմանը ասել է «Վաշինգտոնյան»-ին. - «Մեկնումեկը պետք է պատժվի: Մենք պատրաստ ենք ժամանակ և միջոցներ ներդնել ընդդեմ ֆաշիստական կառավարության, որպեսզի պաշտպանենք մեր հաճախորդների իրավունքները: Դրա համար արժե ջանք գործադրել»:
Մի այլ հոդվածով, «Վաշինգտոն փոստ»-ը եզրակացրել է. - «Ըստ ԱՄՆ օրենսդրության՝ թուրքական կառավարությունը կարող է հակառակվել, համաձայնվել կամ հրաժարվել պաշտպանությունից դատական գործընթացներում: Հրաժարվելու դեպքում, դատավորը կարող է դատավճիռ կայացնել հօգուտ ցուցարարների»:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի