Պետդուման ընդունեց ԱՄՆ֊ի դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանող օրինագիծը

Պետդուման միաձայն ընդունեց ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին և պատժամիջոցներին միանալու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծերը: 410 պատգամավոր կողմ է քվեարկել: Երկրորդ ընթերցումը նախատեսված է մայիսի 17-ին:

Օրինագիծը Մոսկվայի պատասխան է ԱՄՆ-ին , որը ապրիլի սկզբներին նոր պատժամիջոցներ սահմանեց Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող անձանց և ընկերությունների նկատմամբ։

Պետդումայի պատգամավորները, սակայն, ամենայն հավանականությամբ, կփորձեն մեղմել օրինագծի որոշ ձևակերպումներ՝ մասնավորապես կխուսափեն հստակությունից՝ բացառելով սահմանափակումների ենթարկվելիք ապրանքների, ծառայությունների անունները նշելուց:

Վաշինգտոնը, Ռուսաստանին մեղադրելով «չարադիտական քայլերում », ապրիլի վեցին պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանցի 24 խոշոր գործարարների և պաշտոնյաների, ինչպես նաև 14 ընկերությունների նկատմամբ:

Պատժամիջոցների պատճառով ամենալուրջ վնասները կրեց Օլեգ Դերիպասկային պատկանող «Ռուսալ» ընկերությունը, որը հայտնվել է սնանկացման վտանգի առջև։

Մոսկվան , ինչպես և խոստացել էր, շտապեց պատասխան քայլեր ձեռնարկել: Ընդ որում՝ պատժամիջոցներ սահմանեց ոչ միայն ԱՄՆ-ի դեմ, այլ նաև բոլոր այն երկրների, որոնք կաջակցեն ամերիկյան պատժամիջոցներին: Իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կատարողների համար սահմանել քրեական պատասխանատվություն:

Ռուսաստանյան քրեական օրենսգրքի համապատասխան փոփոխություններով պատիժ է նախատեսվում ամերիկյան «սև ցուցակում» հայտնված ընկերությունների հետ համագործակցությունից հրաժարվողների համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի և տվյալների փոխանցման համար, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը: Պատիժը՝ խոշոր տուգանքից մինչև չորս տարվա ազատազրկում, հարկադիր աշխատանք:

Ռուսաստանյան պատասխան սահմանափակումների համաձայն՝ արգելվում կամ սահմանափակվում է Ռուսաստանում ԱՄՆ կամ այլ օտար պետությունների քաղաքացիների աշխատանքը, ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծումը, այդ թվում՝ ալկոհոլի ու ծխախոտի, տեխնոլոգիական սարքավորումների ու համակարգչային ծրագրերի, գյուղատնտեսական ապրանքների, հումքի, սննդամթերքի և դեղորայքի ներմուծումը Ռուսաստան:

Վաշինգտոնը առայժմ չի արձագանքել Մոսկվայի այս նախաձեռնություններին , մինչ այդ օրինագիծը բուռն արձագանք է հարուցել Ռուսաստանի ներսում՝ բիզնես ոլորտում և հանրության շրջանում: Մտավախություններ են հնչում, որ պատժամիջոցներից նախ և առաջ կտուժեն տեղական ընկերություններն ու քաղաքացիները:

Մինչդեռ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը խոստացել է, որ շատ շուտով ամերիկյան բիզնեսը իր վրա կզգա հակապատժամիջոցների հետևանքները: