Մայր թատրոնը բեմադրել է Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» պիեսը

Վաղը երեկոյան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» կատակերգության պրեմիերան՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի բեմադրությամբ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էլբակյան շեշտեց, որ նախապես ծրագրված էր վերականգնել դեռ տասնամյակներ առաջ թատրոնում Վարդան Աճեմյանի բեմադրած համանուն ներկայացումը, բայց ստեղծագործական աշխատանքի ընթացքում հասկացել է, որ դա անհնար է: Եվ ահա վաղը հանդիսատեսի դատին կներկայացվի 2 մասից բաղկացած բոլորովին նոր բեմադրություն՝ նվիրված Ժորա Հարությունյանի, Վարդան Աճեմյանի և Առնո Բաբաջանյանի հիշատակին:

«Մենք որոշեցինք տուրք մատուցել մեր անցյալի մեծերին», - ասաց Արմեն Էլբակյանը: - «Ներկայացման մեջ ներկայացված են Առնո Բաբաջանյանի երգերը, որոնք գրված էին այս գործի համար: Միևնույն ժամանակ՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից էլի որոշ բաներ»:

«Ազատության» հարցին, թե որքանով է մեր օրերում արդիական այս ներկայացումը Արմեն էլբակյանը պատասխանեց․ - «Խիստ արդիական է: Աշխարհի կորած-մոլորած մի գյուղում մի ռուս աղջիկ է ապրում, ու մի կորած-մոլորած հայկական գյուղից մի տղա հայտնվել է այդ մի ուրիշ աշխարհում, ու մենք տեսնում ենք այդ երկու մշակույթների հանդիպումը: Երկու տարբեր մշակույթներ, տարբեր սովորույթներ, էս աշխարհի մասին բարոյական իրենց տեսակը ունեցող մարդիկ, որոնց հանկարծ միավորում է սերը: Եթե չլինի մարդու հանդեպ, մերձավորի հանդեպ այդ սերն ու փոխադարձ հարգանքը, ապա էս աշխարհը կկործանվի»:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչանի խոսքով, թատրոնը կանգնած է նոր բարեփոխումների շեմին ոչ միայն նոր բեմադրությունների առումով: Արդեն իսկ պատրաստ է և գործում է թատրոնի կայքէջը, նոր տոմսարկղը, որտեղից ի դեպ առձեռն տոմս գնորղներին անակնկալ է սպասվում: Թատրոնի տոմսեր այսուհետ կարելի է գնել նաև առցանց համակարգով:

Սունդուկյանի անվան թատրոնում առաջիկայում կգործի նաև մի նոր բեմահարթակ, որը նախատեսված է երիտասարդ ռեժիսորների ու դերասանների փորձարարական-նորարարական բեմադրությունները ներկայացնելու համար:

«Առաջիկայում Կոնվերսբանկի հովանավորությամբ կառուցելու ենք «Սև տուփ» փորձարարական թատրոնը, և դա մի հետաքրքիր առիթ կլինի, որը առաջին պետական թատրոնը կկապի վերջին կառուցված թատրոնի հետ: Մեր երիտասարդ ուժերը մեծ հնարավորություն կստանան այնտեղ գժություններ անելու, և եթե այդ գժությունների մեջ կլինեն տաղանդավոր գործեր, մենք սիրով կփոխադրենք դրանք մեծ բեմ: Սունդուկյան թատրոնը շատ մեծ հնարավորություններ ունի: Պարզապես մեզ մնում է օգտագործել այդ հնարավորությունները: Այդ փոփոխման պրոցեսը փոքր-ինչ դժվար է իրականանում, փոքր-ինչ գուցե դանդաղ, բայց դա իրականանալու է, և ամիս առ ամիս, օր առ օր մենք ունենալու ենք ավելի նոր մայր թատրոն»:

Արմեն Էլբակյանը Սունդուկյան թատրոնի բեմահարթակում ստեղծագործական աշխատանքի հրավեր է հղում ուշագրավ մտահղացումներ ունեցող դրամատուրգների և ռեժիսորների․ - «Ժամանակակից պիեսը դա այն չի, որ հենց այսօրվա, այս դեպքերի, այս պահի մասին ինչ-որ մի սուր բան գրեն, կամ մի վիրավորական խոսք գրեն, կամ հայհոյանքով իրար հետ խոսեն․ կամ էսօրվա էդ սլենգով: Թատրոնը պատի թերթ չի, ոչ էլ պահածուի տուփ ա, որ բացես, էդ րոպեին ուտես ու թողես գնաս: Թատրոնը հավիտենական բաների մասին է խոսում: Թատրոնը գեղարվեստական միջոցներով, գեղարվեստական մտածողությամբ պիտի ստեղծի ժամանակի իրական դեմքը և բերի հավիտենական մտածողության»: