Էրդողան. «Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն էին»

Իսրայելական զինուժը կրակ է արձակում, արցունքաբեր գազ է կիրառում Գազայի հատվածի սահմանին հավաքված պաղեստինցի ցուցարարների նկատմամբ, 14-ը մայիսի, 2018թ․

«Գազայի հատվածում տեղի ունեցածը ցեղասպանություն էր», - երկուշաբաթի երեկոյան Լոնդոնում շտապ կարգով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` մեկնաբանելով Գազայի հատվածի և Իսրայելի սահմանագծին տեղի ունեցած արյունալի բախումները:

«Տեղի ունեցածը մարդկային ողբերգություն է, ցեղասպանություն է: Անիծվի դրա կազմակերպիչը: Կապ չունի ով է այդ կազմակերպիչը` Իսրայելը թե Միացյալ Նահանգները», - հայտարարում էր Էրդողանը:

Իրադրությունը Գազայի հատվածում կտրուկ կերպով սրվեց երեկ կեսօրին: Այն նույն ժամերին, երբ Երուսաղեմում ընթանում էր ԱՄՆ դեսպանատան շենքի բացման պաշտոնական արարողությունը, հազարավոր պաղեստինցիներ էին հավաքվել Գազայի և Իսրայելի սահմանագծին: Դատելով միջազգային լրատվամիջոցների կողմից տարածվող տեսանյութերից` ցուցարարներն անզեն էին: Չնայած դրան՝ Գազայի հետ սահմանի երկայնքով տեղակայված իսրայելական ստորաբաժանումները կրակ բացեցին բողոքի գործողության մասնակիցների ուղղությամբ:

Պաղեստինի ինքնավարության իշխանությունների կողմից այսօր առավոտյան հրապարակված տվյալների համաձայն՝ Գազայում տեղի ունեցած բախումների հետևանքով 60 խաղաղ ցուցարար է զոհվել, շուրջ 2 հազար 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Իսրայելի իշխանությունները երբեք չէին դիմի նման քայլի, եթե չվայելեին Վաշինգտոնի աջակցությունը:

«Իսրայելը ահաբեկչական պետություն է, և այդ երկրի [Գազայում] ձեռնարկած քայլերը դրա ևս մեկ վկայությունն էին: Ցավալի է, բայց Միացյալ Նահանգները, չնայած այս ամենին, շարունակում է համագործակցել Իսրայելի հետ, այնպես, ինչպես նախկինում համագործակցում էր Սիրիայի քրդերի կամ «Իսլամական պետության» հետ` միաժամանակ պնդելով, թե պայքարում է այդ ուժերի դեմ: Այն, ինչ արեց Իսրայելն այսօր, ցեղասպանություն էր: Ավելին, դա Իսրայելի իրականացրած առաջին ցեղասպանությունը չէր», - նշում էր Էրդողանը:

Գազայում տեղի ունեցած բախումներից հետո Թուրքիան նաև հայտարարեց Վաշինգտոնում և Թել Ավիվում իր դեսպաններին խորհրդակցությունների նպատակով Անկարա հետ կանչելու մասին: Երկուշաբթի երեկոյան նման հայտարարությամբ հանդես եկավ թուրքական կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Թել Ավիվում, սակայն, հայտարարում են, որ կտրուկ գործողություններով կարողացել են կանխել պաղեստինցի ցուցարարները անցումը Իսրայելի տարածք:

Պաշտոնական Վաշինգտոնը ևս հայտարարում է, որ տասնյակ պաղեստինցիների մահվան պատասխանատվությունը կրում է Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժումը:

«Մենք տեղյակ ենք այսօր Գազայում տեղի ունեցած բռնությունների մասին: Այս ողբերգական մահերի պատասխանատվությունը ուղղակիորեն կրում է «Համաս» շարժումը, որը կանխամտածված և ցինիկաբար կոշտ հակազդեցություն է սադրում: Ինչպես նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի», - երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Ռաջ Շահը: