Թուրքիան սպասում է, որ «Հայաստանը ողջամտություն կցուցաբերի»

«Անկարան սպասում է, թե երբ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ մոտեցում և ողջամտություն կցուցաբերի», - այսօր Լոնդոնում՝ Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ առանց մանրամասնելու, թե խելամիտ դիրքորոշում ասելով ինչ է ակնկալում հայկական կողմից:

«Թուրքիան սատարում է Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարօրությանը ուղղված բոլոր ջանքերը: Այս դրական պատկերից դուրս մնացած միակ երկիրը Հայաստանն է: Մենք սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ մոտեցում և ողջամտություն կցուցաբերի», - ասել է նա:

Օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էր արձագանքել առանց նախապայմանների Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու՝ Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությանը․ - «Մենք պատրաստ ենք ընդառաջ գնալ՝ եթե Հայաստանը հրաժարվի տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքից, Թուրքիայի տարածքային ամբողջականությանը, սահմաններին ուղղված սխալ մոտեցումներից, և ցանկանա նոր էջ բացել»:

Այսօր, բավական հպանցիկ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, Ռեջեփ Էրդողանն առավել կենտրոնացել է մերձավորարևելյան հակամարտությունների և Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և այդ քաղաքում դեսպանատուն բացելու՝ Միացյալ Նահանգների որոշման վրա:

«Վաշինգտոնն այս քայլով ցույց տվեց, որ այլևս չի կարող չեզոք դեր ունենալ մերձավորարևելյան հակամարտության գործընթացում», - պնդել է Էրդողանը՝ քննադատական խոսքեր հնչեցնելով Նահանգների հասցեին․ - «Մենք կարծում ենք, որ իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու՝ Ամերիկայի որոշումն անհաջող էր: Է՛լ ավելի աընդունելի է դրա իրագործումը: Մենք ևս մեկ անգամ դատապարտում ենք և պնդում, որ այդ քայլը հակասում է միջազզային իրավունքին ու ՄԱԿ-ի բանաձևերին: Վերջին այս քայլով Միացյալ Նահանգները նախընտրեց դառնալ հակամարտության կողմ, ոչ թե չեզոք միջնորդ»:

Նեկայացնելով իրեն որպես Մերձավոր Արևելքի մահմեդական երկրների խոսնակ՝ Էրդողանը մեղադրել է նաև Եվրամիությանը՝ Սիրիայի փախստականներին բավարար չափով չաջակցելու և հակամարտությունների կարգավորմանը չնպաստելու համար: Ավելին, Էրդողանը պնդել է, թե Թուրքիան առավել ժողովրդավար է, քան եվրոպական որոշ երկրներ՝ անտեսելով ընդդիմախոսներին բանտարկելու, լրագրողներին ճնշելու մասին իրենց ուղղված մեղադրանքները:

Ակնկալվում է, որ լոնդոնյան եռօրյա այս այցի ընթացքում Ռեջեփ Էրդողանը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետին ու թագուհուն, ինչը արևմտյան լրատվամիջոցները բնորոշում են որպես քարոզչական քայլ հունիսի 24-ին նածատեսված արտահերթ ընտրություններից առաջ:

Թուրքիայի նախագահի այցը, սակայն, անցնում է ոստիկանության խստացված ռեժիմի և բողոքի շարունակական ցույցերի պայմաններում: Բրիտանական լրատվամիջոոցների հաղորդմամբ, Էրդողանի ընդդիմախոսներն ու քուրդ ակտիվիստները գրեթե ամենուր ուղեկցում են նրա պատվիրակությանը՝ «Էրդողանը ֆաշիստ է, ահաբեկիչ ու բռնապետ» վանկարկումներով: