Երուսաղեմում բացվել է ԱՄՆ նոր դեսպանատունը

Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր տեսաուղերձն է ուղարկել: Բացման արարողությանը ԱՄՆ նախագահին ներկայցնում էր նրա դուստրը՝ Իվանկա Թրամփն իր ամուսնու՝ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների հետ:

ԱՄՆ կառավարությունը ներկայացնում էր ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը, պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը, ինչպես նաև նախագահի Մերձավոր Արևելքում հատուկ բանագնաց Ջեյսոն Գրինբլատտը և բազմաթիվ սենատորներ ու հյուրեր: Ընդհանուր թվով 250 ամերիկացի բարձրաստիճան հյուրեր են ժամանել Իսրայել՝ ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությանը մասնակցելու համար: Մեզ կառավարության մամլո գրասենյակից տեղեկացրեցին, որ ավելի քան 300 լրագրող է հավատարմագրվել երեկ ու այսօր՝ այս իրադարձությունը լուսաբանելու համար:

Բացման խոսքով հանդես եկավ Իսրայելում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը: Իր խոսքում դեսպանը հայտարարեց, որ դեռևս նախագահ Հարրի Թրումանը Իսրայելի անկախության հռչակումից հետո 11 րոպե անց ճանաչեց հրեական պետությունը: «Այսօր կրկին ԱՄՆ-ը ամբողջ աշխարհից առաջ է քայլում, ուղղելով պատմական անարդարությունը և տեղափոխելով իր դեսպանատունը Երուսաղեմ: Այս ամենը հնարավոր դարձավ շնորհիվ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խիզախության», - հավելեց Ֆրիդմանը:

Ելույթ ունեցավ նաև պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը, ով ասաց, թե անկասկած Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է և դեսպանատան տեղափոխումը տալիս է նոր հնարավորություն՝ խաղաղություն հաստատելու համար:

Քրիստոնյա և հրեա հոգևորականների բարեմաղթանքներից հետո դեսպանը ներկայացրեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տեսաուղերձը:

«Ճիշտ 70 տարի առաջ ԱՄՆ նախագահ Հարրի Թրումանն առաջինն էր որ ճանաչեց Իսրայելի անկախությունը: Այսօր մենք պաշտոնապես բացեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմում: Շնորհավորում եմ Ձեզ: Մենք շատ էինք սպասել այս օրվան», - իր ուղերձում հայտարարեց Թրամփը:

Դեսպանատունը հանդիսավորությամբ բացեց Իվանկա Թրամփը, ով ԱՄՆ 45-րդ նախագահի անունից ողջունեց հյուրերին առաջին անգամ Իսրայելի մայրաքաղաքում բացված ԱՄՆ դեսպանատանը:

Ելույթներով հանդես եկան նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները, Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Ի հակակշիռ Իսրայելում տոնական ու պատմական հռչակած այս օրվան, Գազայի գոտում կտրուկ սրվել է իրավիճակը: Իսրայելյան հատուկ ծառայությունները, վկայակոչելով մի քանի ձերբակալված արաբ ցուցարարների ցուցմունքները, պնդում են, որ «Համաս» խմբավորումը տասնյակ հազարավոր մարդկանց է դուրս բերել սահմանակից տարածք ու միաժամանակ մի քանի ուղղություններով փորձում են ճեղքել սահմանն ու ներթափանցել Իսրայելի տարածք: Ըստ նույն աղբյուրի, այս գործողությունները խրախուսվում են նաև Իրանի ներկայացուցիչների կողմից: Միևնույն ժամանակ հրթիռների պայթյուններ են լսվել Իսրայելի հարավային, ծովափնյա Էիյլատ քաղաքում: Զինվորականների տեղեկացմամբ դրանք արձակվել էին Եգիպտոսի տարածքից:

Արաբական իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են 45 արաբ սպանվածի և ու ավելի քան 1000 վիրավորի մասին: