Կաթի մթերման ցածր գներից բողոքող գյուղացիները մոտ կես ժամ փակել էին Վանաձոր – Սպիտակ միջպետական ճանապարհը

Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր մոտ կես ժամ փակ պահեցին Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կաթի մթերման ցածր գներից:

Գյուղացիների խոսքով 1լիտր կաթը դեռ 20 օր առաջ մթերման էին հանձնում 160-180 դրամով, իսկ այսօր մթերման գինը դարձել է 130 դրամ: Նրանք պահանջում էին, որպեսզի իշխանությունները վերահսկողություն իրականացնեն կաթ վերամշակող ընկերությունների նկատմամբ, հատկապես այն դեպքում, երբ կաթի մթերման գնի նվազմանը զուգընթաց խանութներում կաթնամթերքի գինը նույնն է մնում:

Գյուղացիները կարծում են, որ ճանապարհ փակելը խնդրի լուծման արագ տարբերակներից է, նման դեպքերում, քանի որ այդպիսով իշխանություններն ավելի արագ են տեղեկանում խնդրի մասին:

Վանաձոր-Սպիտակ ճանապարհի Լեռնապատ գյուղի հարակից տարածքում տասնյակ մեքենաներ հայտնվել էին արգելափակման մեջ, բողոքի ակցիայի մասնակիցները, մինչդեռ, հրաժարվում էին ճանապարհ բացել: Միայն գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի հետ խոսելուց և նրան խնդիրը ներկայացնելուց հետո բացեցին ճանապարհը:

Լեռնապատի գյուղապետ Սարիբեկ Աբազյանը կարծում է, որ բողոքի մասնակիցները կտրուկ գործողությունների դիմելով շտապել են: Այսօր, երբ իմացել է իր համագյուղացիների մտադրության մասին, խնդիրը բարձրաձայնել է Լոռու մարզպետարանում:

«Էսօր փոխվարչապետը հանդիպելա մթերումների կազմակերպությունների հետ և խոստացել են, որ իջեցում չի լինելու», - հայտարարեց գյուղապետը՝ շարունակելով․ - «Հետո գիտե՞ք ինչ՝ մինչև հարցը չբարձրացնեք վերին ատյաններում, միանգամից փողոց փակելը ո՞րնա»:

Ակցիայի մասնակիցները պնդում են, թե իրենց խնդիրը նոր իշխանությունների հետ չէ, բայց ակնկալում են, որ նոր կառավարությունը քայլեր կձեռնարկի իրենց խնդիրը լուծելու համար: Ասում են՝ երկու օր կսպասեն, դրական տեղաշարժ չլինելու դեպքում պատրաստ են կրկին ճանապարհ փակել:

Ի դեպ, կաթի մթերման գնի խնդրին լուծում տալու նպատակով փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կիրակի հանդիպումների շարք էր անցկացրել կաթ վաճառող ֆերմերային տնտեսությունների, կաթ մթերող և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ։ Ըստ փոխվարչապետի՝ հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ ոլորտում հիմնարար և երկարաժամկետ լուծումների կարիք կա: