Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների, զինված ուժերի հրամանատարության հետ մայիսի 12-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածած հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին` Հասանովը նշել է․- «Մենք անընդունելի ենք համարում իշխանափոխությունից հետո Հայաստանի որոշ ղեկավարների կողմից հնչեցված անպատասխանատու հայտարարությունները և զգուշացնում ենք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների»:
Զաքիր Հասանովը նաև հանձնարարել է իր ենթականերին «վերահսկել հակառակորդի գործողությունները ճակատային գծում և թիկունքում` վճռականորեն կանխելով բոլոր տեսակի սադրանքները»: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային ձևաչափը լիարժեք չէ:
«Բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որևէ բանակցություն կարող է արդյունք տալ», - ասել է Նիկոլ Փաշինյանը: