Լրագրողական կազմակերպությունները վարչապետին առաջարկում են քննարկել ոլորտի խնդիրները

Լրագրողական կազմակերպությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են հանդիպում կազմակերպել՝ քննարկելու և լուծում տալու ոլորտում առկա խնդիրներին։ Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը կարծում է, որ ներկայիս կառավարությունը կփորձի լուծել խնդիրները:

«Նիկոլ Փաշինյանը, որպես լրագրության բնագավառում երկար տարիների փորձ ունեցող, պետք է որ շատ լավ գիտակցի այդ խնդիրները: Եվ ինքը իր վարչապտության առաջին օրերին դա ապացուցեց, բավականին թափանցիկ ձևով ներկայացնելով իր անելիքները»,- «Ազատությանն» ասաց Նավասարդյանը:

Նախկինում էլ լրագրողական կազմակերպությունները բազմաթիվ առաջարկություններով են հանդես եկել, սակայն դրանք, որպես կանոն, անտեսվել են, նկատում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Իշխանությունը, ՀՀԿ-ական վերնախավը, իշխանամերձ մարդիկ, դաշտը ձևավորել էին այնպես, ինչպես որ իրենք նպատակահարմար էին գտել: Օրենքները գրում և հարմարեցնում էին իրենց, ոչ թե ոլորտի զարգացման կամ հանրության շահերը բավարարելու համար: Եվ որևէ առաջարկ, որ ոլորտը պետք է բարեփոխեր, իրենց ձեռնտու չէր»,- ասաց Մելիքյանը։

Թեև ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստը լրագրողների համար բաց էր, սակայն լրագրողական կազմակերպությունները շարունակում են պայքարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները չեղարկելու համար:

Դրանցից առաջինով գործադիր բարձրագույն մարմնի նիստերը դռնփակ դարձան, երկրորդով էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին արգելվեց ավագանու նիստերը լուսաբանել հենց նիստերի դահլիճից, այլ հետևել դրանց օնլայն հեռարձակմամբ: Արմատապես պետք է վերանայվի նաև«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը։ Ասում է Աշոտ Մելիքյանն ու հավելում․

«Այն, ինչ տեղի է ունենում այդ ոլորտում, ուղղակի հարիր չէ 21-րդ դարին: Դա սովետական հեռուստատեսություն է: Կենտրոնացված, վերահսկելի և ուղղակի հասարակության պահանջները չբավարարող լրատվամիջոցներ են հեռուստաընկերությունները։ Եվ այդ ոլորտը պետք է արմատական բարեփոխումների ենթարկվի։ Ի վերջո Հայաստանում պետք է ձևավորվի այնպիսի հեռարձակման համակարգ, որը պետք է համապատասխանի հասարակության ժամանակակից ինֆորմացիոն պահանջներին»։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ ընդգծում է լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի անպատժելիության խնդիրը: «Ամենակարևոր հարցերից մեկը վարչապետի համար պետք է լինի՝ կանխելը լրագրողների նկատմամբ բռնությունները, և արդեն իսկ տեղի ունեցած բռնությունների մասով՝ իրական պատասխանատվության ենթարկելը մեղավորներին»,- ասում է Շուշան Դոյդոյանը: