ՀՀԿ-ն նոր որակի ընդդիմություն է լինելու․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով, արխիվ

«Հանրապետականն այլևս ընդդիմություն է»,- «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Ես ինձ շատ հարմարավետ եմ զգում, նորմալ աշխատանքային մթնոլորտ է, ի՞նչ խնդիր կա, ընդդիմություն ենք: Բա մարդկանց ջանը քա՞ր է եղել՝ 25 տարի ընդդիմություն են եղել»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով, իրենք նոր որակի ընդդիմություն են լինելու՝ կառուցողական, Հայաստանյան ընդդիմության պատմության նոր էջ են բացելու․ «Մենք երբեմն շատ ենք մեղադրել նախկին ընդդիմությանը, որ նրանք պոպուլիստ են, հաշվի չեն նստում պետության շահերի հետ: Մենք իրավունք չունենք՝ անել նույնը, ինչ նրանք արել են մեր կառավարման ժամանակ»:

Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի վարչապետության առաջին օրերը, Շարմազանովը պատասխանեց, թե ուղիղ եթերների միջոցով դժվար է գնահատական տալ, բայց ինչքան շուտ Փաշինյանը գիտակցի, որ ընդդիմադիր լինելն ու հայտարարություններ անելը նույնը չէ, ինչ իշխանություն լինելը՝ այնքան ավելի լավ կլինի պետության համար։ «Իմ համոզմամբ՝ վարչապետ Փաշինյանը չունի այն կարողությունը, փորձը, որպեսզի լավագույնս լինի գործադիրի ղեկավար: Միայն ժամանակը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով սխալ»,- ասաց Շարմազանովը:

Վարչապետ Փաշինյանը կառավարության մի քանի անդամների արդեն նշանակել է։ Շարմազանովի խոսքով՝ ժամանակը ցույց կտա՝ ունեի՞ն նրանք արդյոք բավարար փորձ՝ այդ պաշտոնները ստանձնելու համար, թե ոչ։ ԱԺ փոխնախագահը շեշտում է, որ նրանք նոր վարչապետի հետ են աշխատելու, և եթե նա այդ պաշտոններում այդ անձանց է տեսնում, ապա խնդիր չկա։

Հանրապետական կուսակցությունը նոր կառավարության մաս չի կազմելու, Շարմազանովի խոսքով՝ եթե լինեն հանրապետականներ, ովքեր Փաշինյանի կառավարության մաս կկազմեն, ապա դա կլինի նրանց անձնական որոշումը։ Խորհրդարանական մեծամասնությունը նոր կառավարության համար արհեստական խոչընդոտներ չի ստեղծելու, նաև ասաց ԱԺ հանրապետական փոխնախագահը։ Նրա խոսքով՝ եթե նոր վարչապետը Հայաստանի բարեկեցությանը և անվտանգությանը նպաստող քայլեր անի, կօգնեն, չանի՝ կքննադատեն։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում Ընտրական օրենսգրքի փոփոխություն են նախաձեռնելու, Շարմազանովի խոսքով՝ երբ առաջարկությունը բերեն խորհրդարան, իրենք այն կքննարկեն։ «Դա շատ լուրջ փաստաթուղթ է, և եթե պետք է փոխվի, ապա շատ լուրջ քաղաքական կոնսենսուսի, փորձագիտական հանրության, քաղաքացիական հասարակության, քաղաքական բոլոր ուժերի հետ համաձայնույան միջավայրում»,- նշեց ՀՀԿ խոսնակը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ հանրային ճնշման արդյունքում իրենք կողմ քվեարկեն Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Շարմազանովը շեշտեց՝ իրենք կառավարության կցորդը չեն լինելու ու չեն պատկերացնում, թե ինչպես է վարչապետը ժողովրդին փողոց հանելու՝ «քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար»։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, այդ առնչությամբ ԱԺ փոխնախագահն ասաց՝ նախ պետք է լինի առաջարկ, հասկանան թե ինչ իրավական հիմքով այն կարող է տեղի ունենալ, որից հետո էլ կքննարկեն ժամկետները։