Թուրքիայի վարչապետն արձագանքել է Հայաստանի նորընտիր ղեկավարի հայտարարությանը

Թուրքիան հայտարարում է, թե պատրաստ է դիտարկել երկկողմ հարաբերությունները նոր էջից սկսելու վերաբերյալ Հայաստանի նորընտիր վարչապետի ցանկացած առաջարկ:

Սակայն, խոսելով հարաբերությունների կարգավորման մասին, Անկարան հետ չի կանգնում նախապայմաններից: «Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամական վերաբերմունքից», - այսօր հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Իհարկե, եթե տեսնենք, որ Հայաստանը հրաժարվում է տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ ունեցած իր թշնամական վերաբերմունքից, Թուրքիայի տարածքային ամբողջականության, սահմաններին ուղղված սխալ մոտեցումներից, և ուզում է նոր էջ բացել, ապա մենք կդիտարկենք մանրամասները և ընդառաջ կգնանք», - ասել է նա:

Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին Ղարաբաղ կատարած այցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանն այսօր էլ պատրաստ է հարաբերություններ հաստատել Անկարայի հետ, սակայն՝ առանց նախապայմանների․ - «Դուք գիտեք, որ նախապայմաններ առաջ է քաշում Թուրքիան։ Թուրքիայի պահանջներն անտրամաբանական են, քանի որ տրամաբանական չէ ինչ-որ երկրի հետ հարաբերություններ հաստատելու համար երրորդ երկրի վերաբերյալ պայման առաջ քաշելը։ Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը և պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Միաժամանակ, հավատարիմ ենք մնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին»:

Արձագանքելով Հայաստանի նորանշանակ ղեկավարի այս հայտարարությանը՝ Թուրքիայի վարչապետը պնդել է, թե Անկարան բարիդրացիական հարաբերությունն է ուզում հաստատել բոլոր հարևանների հետ, միաժամանակ ընդգծելով, որ որոշումները կայացվելու են՝ ելնելով Թուրքիայի շահերից․ - «Մենք ուզում ենք ավելի շատ բարեկամ ունենալ ու ավելի քիչ թշնամի: Ոչ ոքի, հատկապես հարևանների հետ թշնամանք չենք ուզում: Եվ եթե հայկական կողմը ևս նման մոտեցում ունի, ապա համապատասխան գնահատական կտանք՝ բնականաբար ելնելով մեր երկրի շահերից»:

Հայաստանի նախորդ նախագահ Սերժ Սարգսյանը իշխանության գալուց քիչ անց նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց: 2009-ին Անկարան և Երևանը Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ, որոնք, սակայն, անցած գրեթե տասը տարում այդպես էլ իրականություն չդարձան: Փաստաթղթերի ստորագրումից անմիջապես հետո Անկարան սկսեց նախապայմաններ առաջ քաշել՝ դրանց վավերացումը կապելով նախ և առաջ ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Ի վերջո ամիսներ առաջ՝ նախագահության երկրորդ ժամկետի ավարտին, Սերժ Սարգսյանը դադարեցրեց իր իսկ սկսած գործընթացը՝ առ ոչինչ համարելով Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերը: