Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր ուրբաթօրյա նամազից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, արձագանքել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
«Իհարկե, եթե տեսնենք, որ Հայաստանը հրաժարվում է տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքից, Թուրքիայի տարածքային ամբողջականությանը, սահմաններին ուղղված սխալ մոտեցումներից և ուզում է նոր էջ բացել, ապա մենք կդիտարկենք մանրամասները և ընդառաջ կգնանք: Ոչ ոքի, հատկապես հարևանների հետ թշնամանք չենք ուզում ունենալ: Եթե հայկական կողմը նման մոտեցում ունի, ապա համապատասխան գնահատական կտանք՝ բնականաբար ելնելով մեր երկրի շահերից»,- թուրքական «Hürriyet»-ի փոխանցմամբ ասել է վարչապետ Յըլդըրըմը: