Հայաստանի հեղափոխությունն աննկատ չի մնա Ռուսաստանում
Ամերիկացի անվանի վերլուծաբան, նախկին կոմունիստական տարածքում քաղաքական զարգացումների հարցերով փորձագետ Փոլ Գոբլը համոզված է, որ Հայաստանը «թավշյա հեղափոխության» արդյունքում դժվար թե կտրուկ շրջադարձ կատարի և հրաժարվի ռուսամետ կողմնորոշումից, սակայն այդ հեղափոխությունն աննկատ չի մնա Ռուսաստանում:
Jamestown հիմնադրամի աջակցությամբ հրատարակվող Eurasia Daily Monitor հանդեսում Գոբլը գրել է, որ հայաստանյան զարգացումները Ռուսաստանի Դաշնության համար կարող են ավելի մեծ հետևանք ունենալ, քան տարիներ առաջ տեղի ունեցած հեղափոխությունները Վրաստանում և Ուկրաինայում:
Չի բացառվում, որ հայաստանյան ընդվզումների ալիքը հասնի անհանգիստ այնպիսի տարածք, ինչպիսին Հյուսիսային Կովկասն է, որտեղ մարդիկ հոգնել են Կրեմլի աջակցությունը վայելող նշանակովի ղեկավարներից և հրապարակավ արտահայտում են իրենց դժգոհությունը: Հայաստանն առնվազն ապացուցել է, որ զայրացած ամբոխը կարող է վիճակ փոխել:
«Հաղթանակը մեկ ակնթարթում փոփոխություն չի ապահովում»
Մինչդեռ, Սաուդյան Արաբիայում հրատարակվող անգլալեզու առաջատար պարբերականը` Saudi Gazette-ը, նշում է տեսականորեն հնարավոր հիասթափությունների մասին: Պատմական հեգնանքն այն է, որ ժողովրդական հեղափոխությունները հաճախ հենց իրենք են ցանում իրենց հնարավոր ձախողումների սերմերը:
Բողոքող զանգվածների անհարկի մեծ ակնկալիքները կարող են խափանել հաղթանակը: Երբ զանգվածային բողոքի արդյունքում իշխանությունը հեռանում է, ամբոխը ցնծության մեջ է հայտնվում, բայց այդ հաղթանակը մեկ ակնթարթում փոփոխություն չի կարող ապահովել:
Ոչ ժողովրդական ռեժիմի տապալումը բնավ չի նշանակում բյուրոկրատիայի, կոռումպացված կառույցների և անվտանգության ապարատի արագ կազմաքանդում: Պետությունը չինովնիկների, ոստիկանության և բանակի կարիք ունի, նույնիսկ եթե նրանք իսկապես մխրճված են կոռուպցիայի մեջ: «Հետևաբար, այս էյֆորիան Հայաստանում պետք է գնահատել որոշակի զգուշավորությամբ և վերապահումներով»,- գրում է սաուդյան պարբերականը:
«Գերազանցել է նույնիսկ ամենախենթ երազի սահմանները»
Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, անգլերեն լեզվի մասնագետ Միքա Հիլսոնը Slate ամերիկյան հանդեսում գրել է. «Երեսները դիմակներով փակած երկու տղաներ նայում են տեսախցիկին, հանկարծ մոտենում է ոստիկանը, լայն ժպիտը դեմքին՝ նա ձեռքը դնում է տղաներից մեկի ուսին, նայում է տեսախցիկին, բոլորը ծիծաղում են և ցուցարարների հետ միասին սելֆի են անում: Դա տեսնելով՝ ես հասկացա, որ հայաստանյան անարյուն հեղափոխության հաջողությունը գերազանցել է նույնիսկ ամենախենթ երազի սահմանները»:
«Անհրաժեշտ է քաղաքական հաշտություն»
The Nation ամերիկյան հանդեսը նշում է, թե «դրաման նոր է սկսվում»: Հայաստանի առջև բազում մարտահրավերներ են: Նախևառաջ անհրաժեշտ է քաղաքական հաշտեցում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի քաղաքական կյանքում ատելության էջը փակելու մասին, ուստի՝ ժամանակն է, որ տարբեր քաղաքական ուժեր միավորվեն հանուն ընդհանուր բարօրության, գրում է The Nation-ը:
Փարոս կլինենք ուրիշ ազգերի համար, եթե...
Հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը Financial Times-ում գրել է՝ Հայաստանը փարոս կլինի մնացած ժողովուրդների համար, եթե հաջողությամբ կազմի նոր կառավարություն և դա արվի Սահմանադրությանը համապատասխանող եղանակով:
«Սա Հայաստանի համար բեկումնային, ճակատագրական փուլ է: Հայերն անսպասելի և բացառիկ հնարավորություն ունեն ստեղծելու արդիական, զարգացած, կենսունակ հայրենիք ամբողջ հայության համար»,- գրել է Վարդանյանը: