«Ռոսսելխոզնադզոր»-ի զգուշացման մեջ «որևէ քաղաքական ենթատեքստ չկա»

Արխիվային լուսանկար

«Ռոսսելխոզնադզոր»-ը երեկ հայտարարել է, թե եվրասիական ֆիտոսանիտարական պահանջների կրկնակի խախտման դեպքում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան կարող է ժամանակավորապես սահմանափակվել:

Ռուսաստանցի բլոգերները «Ռոսսելխոզնադզոր»-ի այս զգուշացման մեջ տեսնում են Ռուսաստանի, ինչպես իրենք են գրում, «վրեժխնդրությունը» և գրում են, որ սովորության համաձայն՝ Ռուսաստանը պատժում է Հայաստանին հեղափոխության համար, ինչպես արել էր Վրաստանի, Ուկրաինայի կամ Մոլդովայի դեպքերում:

Խնդիրը հետևյալն է՝ մայիսի 3-9-ը ժամանակահատվածում Վերին Լարսի անցակետում «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնաբերել է 7 դեպք՝ Ռուսաստանի համար կարանտային երկու տեսակի օբյեկտներ լոլիկներում և վարունգներում: Նշված արտադրանքը վերադարձվել է հայաստանցի արտահանողին:

Ռուսաստանում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, սակայն, «Ազատությանը» ասաց, որ սա սովորական պրակտիկա է, երբ սեզոնի հետ մեկտեղ ուժեղացվում է վերահսկողությունը Վերին Լարսում:

«Ոչ մի առանձնահատուկ բան չկա, դա ընդամենը զգուշացում է, այլ ոչ թե սահմանափակում՝ ոչ մի սահմանափակում չի գործում դեռևս: Ռուսական կողմը, բացահայտելով մի քանի մեքենաներում Հայաստանից ուղևորվող դեպի Ռուսաստան լոլիկի և վարունգի մեջ ինչ-որ ոչ-թույլատրելի վիրուսներ, ընդամենը զգուշացում է ուղարկել», - հայտարարեց Ասոյանը:

«Ռուսաստանը շատ, տարեկան մոտ հազարից ավել դեպքեր է գտնում իր սահմանին՝ միայն պտուղ-բանջարեղենի վերաբերյալ: Դե դա, գիտե՞ք ինչ, բույսեր են, որոնց մեջ կարող են լինել», - նշեց նա:

«Այսինքն, նման զգուշացումներ նախկինում եղե՞լ են», - «Ազատության» այս հարցին Ռուսաստանում Հայաստանի առևտրական ներկայացուցիչը արձագանքեց․ - «Իհարկե, իհարկե եղել են: Դա իրենց աշխատանքն է, ամենօրյա աշխատանքն է»:

Նա նշեց, որ նախազգուշացումն այս տարի առաջինն է, սակայն անցած տարի մի քանի նման դեպքեր եղել են, «և մենք համագործակցել ենք»:

Որևէ քաղաքական ենթատեքստ այս նախազգուշացման մեջ չկա, պնդում է Ասոյանը:

Տվյալ հարցով պարզաբանմամբ է հանդես եկել նաև Հայաստանի կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ):

«ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆորնիական) ծաղկային թրիփս: ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու և դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ»: ՍԱՊԾ-ը նշում է, որ «ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին, և խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին, այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա»:

Հավելենք, որ այսօր Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հրապարակել է հարցման արդյունքներ, որոնց համաձայն՝ ռուսաստանցիների 59 տոկոսը հետևում է հայաստանյան իրադարձություններին, և նրանց 28 տոկոսը կատարվածը որակում է որպես թավշյա հեղափոխություն:

Այս հարցման համաձայն՝ ռուսաստանցիները դեռ չգիտեն, թե ինչպես կանդրադառնա հայկական թավշյա հեղափոխությունը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, իսկ հարցվածների 80 տոկոսը համոզված է, որ հայկական հեղափոխության կրկնությունը Ռուսաստանում հնարավոր չէ: