«Ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակումը խայտառակ որոշում էր», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ շեշտելով, որ չի կարող Փաշինյանի այս որոշումը դիտարկել իբրև Հայաստանում անպատժելիության համակարգը վերացնելու ուղղությամբ քայլ:
Իրավապաշտպանը թվարկում է ոստիկանական այն գործողությունները, որոնք անցած տասը տարիների ընթացքում ղեկավարել է նույն Օսիպյանը՝ ցուցարարներին նաև ապօրինի բերման ենթարկելով։
«Ես խիստ բացասական եմ գնահատում այդ նշանակումը, ինչո՞ւ, որովհետև հենց ինքն այն անձանցից է, որն անմիջապես ներկա է եղել, ղեկավարել է ոստիկանության գործողությունները բազմաթիվ ցույցերի, բողոքի ակցիաների ժամանակ՝ թե՛ 2008 թվականին, թե՛ 2013 թվականին՝ Շանթ Հարությունյան, դեկտեմբերի 2-ին, պարտադիր կենսաթոշակային վճարումների հետ կապված, բազմաթիվ, բազմաթիվ միջոցառումներ, և մենք տեսել ենք, որ այդ բոլոր բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկվել Ոստիկանության բաժիններ, ընդհուպ մինչև Ոստիկանության ներքին զորքերի ծառայության զորամասեր։ Անձը, որն անմիջականորեն, նորից եմ կրկնում, ղեկավարել է և կառավարել է ոստիկանության գործողություններն այդ բողոքի ցույցերի ընթացքում, նշանակել ոստիկանության պետ, իմ մոտ հարցեր է ծագում և լուրջ մտահոգություն, ի դեպ, որի եղբոր որդու կողմից դանակահարության այդ խայտառակ պատմությունը նույնպես հիշում եք։ Օսիպյանին ընդհանրապես պետք է հանել օրակարգից», - ասաց Սաքունցը։
Հարցին՝ կարծում է Օսիպյանին պետք է հանե՞լ ոստիկանության պետի պաշտոնից, իրավապաշտպանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ ոստիկանության պետի պաշտոնում Օսիպյանին նշանակելն ամենաանհաջող, ես արդեն անվանել եմ, խայտառակ որոշումն է, ընդ որում այդ պատասխանատվությունն ամբողջովին կրելու է վարչապետը՝ դրանից բխող հետևանքներով»։
Արթուր Սաքունցն ասում է՝ Օսիպյանի հետ կապված նյութերի հիմա վրա պատրաստվում է իր քայլը կատարել, քանի որ, նրա խոսքով, մարդու իրավունքները վտանգող գործոնները չեն կարող ունենալ քաղաքական նպատակահարմարություններ, թե խոսքը ի՞նչ քայլի մասին է, Սաքունցը չցանկացավ առայժմ հրապարակել:
«Կներկայացնենք, կիմանաք», - ասաց իրավապաշտպանը։
«Այս անհաջող որոշման դեմ հանրությունը ընդվզելու է»
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույնպես նշում է՝ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակելը անհաջող որոշում էր, հանրության դժգոհությունն այս առումով տեղին է և քաղաքացիական հասարակությունն իրավունք ունի բարձրաձայնել իր մտահոգությունների մասին։
«Շատ կարևոր է էդ նշանակումների ժամանակ, հատկապես ուժային կառույցներում, բարոյական կերպարը մարդու, որը հանրությանն այսպիսի արձագանքների տեղիք չտա։ Շատ առիթներ են եղել որտեղ երևում է Օսիպյանը», - ասաց իրավապաշտպանը։
Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է, որ Օսիպյանը կարողանա ոստիկանությունում լուրջ բարեփոխումներ իրականացնել, համակարգը բարեփոխել, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց. - «Ես իրատեսական չեմ համարում, ես ունեմ իմ կարծիքը՝ նա այն ուժը չունի իր մեջ և այն անհատականությունը չէ, որ կկարողանա իրոք տիրապետել ամբողջ ոստիկանական համակարգին։ Ես հեռու եմ այն մտքից, որ ամբողջ ոստիկանության համակարգում չկար այնպիսի մի սպա՝ կադրային սպա, ինչպես ասում են, որին կարելի է նշանակել ոստիկանապետ, կամ ոչ ոստիկանական համակարգում։ Ես չեմ կարծում, որ սա հաջողված նշանակում է, սա անհաջող նշանակում է, և հանրությունը միշտ արձագանքելու է և ընդվզելու է այս նշանակման դեմ, և արժի, որ դրա մասին Նիկոլ Փաշինյանը և նրա շուրջ հավաքված մարդիկ մտածեն»։
«Օսիպյանին շանս է տրված մաքրել համակարգը»
Վալերի Օսիպյանի նշանակումից խիստ դժգոհ է նաև Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն, ով «Մերժիր Սերժիր» նախաձեռնության շրջանակներում միացել էր համաժողովրդական շարժմանը:
Լևոն Բարսեղյանը, սակայն, ասում է, թե Օսիպյանը շանս ունի պատասխանատվության ենթարկել բոլոր այն ոստիկանապետերին, նրանց տեղակալներին, ովքեր կոպտորեն խախտել են մարդու իրավունքները և հանցագործություններ են կատարել:
«Մյուս կողմից համարում եմ, որ գուցե Նիկոլը որոշել է Օսիպյանի միջոցով հենց մաքրել տալ այն համակարգը, որտեղ երկար տարիներ ծառայել է և եղել է ենթակա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը։
Հարցին, թե հավատո՞ւմ է, որ Օսիպյանն այսօր սկսելու է իր վերադասի դեմ պայքարել, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահը պատասխանեց. - «Ես համարում եմ, որ այդ շանսը տրված է Օսիպյանին, և գուցե Նիկոլը խորամանկ քայլի է դիմել՝ փորձելով այդ հնարավորությունը տալ, տեսնել, թե ինչպես կվարվի Օսիպյանը։ Ես կարծում եմ, որ կարիք չկար փորձեր դնել Օսիպյանի վրա, անհաջող ընտրություն է»։
Իրավապաշտպանները մտահոգություններ ունեն նաև ԱԱԾ տնօրենի նշանակման հետ կապված
Նշենք, որ իրավապաշտպանների շրջանում ու նաև սոցիալական ցանցերում լուրջ դժգոհություններ է առաջացրել, ոչ միայն Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակելու որոշումը, այլև մտահոգությունների տեղիք է տվել Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում 38- ամյա Արթուր Վանեցյանի նշանակումը, ըստ մամուլի, նրա ընտանիքին են պատկանում մի շարք բիզնեսներ։
Հիշեցնենք՝ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվելուց առաջ պնդում էր՝ բիզնեսը պետք է տարանջատված լինի իշխանությունից:
Ժաննա Ալեքսանյանը ընգծում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հետևողական լինի խոստումները կատարելու հարցում:
«Ազգային անվտանգության ծառայության պաշտոնում նշանակված Վանեցյանը հայտնի չէ հանրությանը, ճանաչված չէ, բայց մենք տեսանք տեղեկություններ նրա բիզնեսի հետ կապի մասին, ունեցվածքի մասին։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հետևողական լինի իր հայտարարություններին, որ բիզնեսը պետք է տարանջատված լիներ։ Լավ կլինի, որ բոլոր խոստումները պահվեն և ստուգվեն այդ տեղեկությունները՝ արդյո՞ք համապատասխանում են իրականությանը, թե՞՝ ոչ», - ասաց Ալեքսանյանը։
Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ կապված մտահոգություններին, նշում է՝ այսօր դժվար է գտնել բիզնես չունեցող պաշտոնյաներ։
«Քիչ թե շատ պաշտոն ունեցող պաշտոնատար անձինք, որոնք հաջողել են ծառայության մեջ, որովհետև ես նայեցի 2014 թվականին Վանեցյանը դեռևս ԱԱԾ-ի Երևանի վարչության բաժնի պետ էր, հիմա, փաստորեն, վարչության պետի տեղակալ է։ Այսինքն՝ պաշտոնական առաջխաղացում է ունեցել, նաև պարգևատրվել է մեդալով՝ Սերժ Սարգսյանի կողմից, ինչպես Օսիպյանը, և նման պաշտոնական առաջխաղացում ունեցած անձնավորությունները, անձինք նաև հաջողակ են այսպես կոչված չակերտավոր բիզնեսում՝ օգտվելով իրենց պաշտոնից բխող առավելություններից», - ասաց Սաքունցը։