Ադրբեջանի նախագահը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին և ըստ էության կրկնել մինչ այժմ իր կողմից բազմիցս արված հայտարարությունները, ընդհուպ՝ որ «ադրբեջանական դրոշը մի օր կբարձրացվի Շուշիի ու Խանքենդիի վրա»․ Ադրբեջանի ղեկավարը, պաշտոնյաները, հիշեցնենք, Ստեփանակերտին Խանքենդի են ասում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է նույնը», - հայտարարել է Ալիևը: Նրա խոսքով՝ անցած 15 տարիների ընթացքում միջազգային շատ կառույցների հայտարարությունները, բանաձևերը արտահայտում են Ադրբեջանի դիրքորոշումը: «Հայ - ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջովին վերականգնվի, պետք է իրականացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը: Այդ բանաձևերում բացահայտ նշված է, որ օկուպացիոն ուժերը անվերապահորեն պետք է դուրս բերվեն զավթված տարածքներից: Հակամարտության կարգավորման այլ ճանապարհներ գոյություն չունեն: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, երբեք չի եղել և չի լինի», - հոր՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հայտարարել է Իլհամ Ալիևը:
Նա ասել է, թե Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը երբեք թույլ չեն տա հայկական երկրորդ պետության ստեղծումը «ադրբեջանական հողերի վրա»:
«Եթե ինչ-որ մեկը այլ կերպ է մտածում, ապա, կարծում եմ, նա ապրում է սին պատրանքներով», - ասել է Ադրբեջանի ղեկավարը, ով անցած ամիս չորրորդ անգամ ընտրվեց երկրի նախագահ:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ապագայում ևս կամրապնդեն իրենց սկզբունքային դիրքորոշումը, հավելելով, թե դրա համար Ադրբեջանը բավարար հնարավորություններ ունի ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ տարածաշրջանում: «Առանց մեր մասնակցության ոչ մի ծրագիր տարածաշրջանում հնարավոր չէ իրականացնել: Հայաստանը որքան շուտ հասկանա իրականությունը՝ այնքան շուտ կլուծվի հակամարտությունը, և մեր տարածաշրջանում խաղաղություն կտիրի», - ասել է նա:
Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը օրեցօր ուժեղանում են: Նա ասել է, թե հզոր բանակ են ստեղծել, ռեյտինգային առաջատար կազմակերպությունները ադրբեջանական բանակը դասում են աշխարհի 50 ուժեղ բանակների շարքում, օր-օրի ռազմական հզորությունը ուժեղանում է: Նա հայտարարել է, թե երկու տարի առաջ ադրբեջանական բանակը տարածքներ է ազատել, և շարունակել. - «Համոզված եմ՝ կգա այդ օրը, երբ ադրբեջանական դրոշը կբարձրացվի օկուպացված բոլոր տարածքներում, այդ թվում՝ Շուշիում ու Խանքենդիում»:
Երեկ ամբողջ Ադրբեջանում Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումներ են անցկացվել: