Նաիրիտցիները կրկին բողոքում են

Այս անգամ «Նաիրիտ»-ի անվտանգությունն ապահովող աշխատակիցներն են ցույցի դուրս եկել գործարանի առջև։

Նրանք պնդում են, թե գործատուն ամիսներ շարունակ թույլ է տվել Աշխատանային օրենսգրքի դրույթների կոպտագույն խախտումներ։

Բանն այն է, որ 2016-ի նոյեմբերին դատարանը բավարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցը, ինչի արդյունքում «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց։ Բայց քանի որ Նաիրիտը քիմիական գործարան է, որտեղ կան հրդեհավտանգ նյութեր, հետևաբար անվտանգություն ապահովելու խնդիր կար։

Այդ պատճառով էլ 2017-ի հուլիսին Արտակարգ իրավիճակների նախարարությունը պայմանագիր կնքեց 116 աշխատակցի հետ։ Արդեն այս տարվա փետրվարի 22-ին նախարարությունը հետին ամսաթվով՝ հունվարի 8-ին մակագրված փաստաթղթով դադարեցրել է աշխատակիցների հետ պայմանագիրը։ Սակայն մինչև այժմ նաիրիտցիները շարունակում են գործարանի անվտանգության ապահովումը՝ առանց որևէ պայմանագրի ու առանց աշխատավարձի։

«Որպեսզի գործը չտուժի, որևէ չեպե չլինի գործարանում, մարդիկ գալիս էին աշխատանքի: Գումարած դրան՝ այլ աշխատանք էլ չունեինք», - ասաց նրանցից մեկը:

Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը ցուցարարներին հանդիպեց գործարանի դռների առջև։ Հստակեցրեց, որ բողոքողների հետ ինքն աշխատանքային պայմանագիր չունի, ուստի աշխատավարձ վճարողը չի կարող ինքը համարել։ Հորդորեց չորս ամվսա աշխատանքի դիմաց վարձատրություն պահանջել նոր կառավարությունից․ - «Փետրվարի 22-ին, երբ որ դու ստորագրել ես համաձայնագիր, համաձայնագրում ի՞նչ ա գրված եղել, ե՞րբվանից ես դու ազատվել․․․ Հունվարի 8-ից․․․ Խ՞ի ես ստորագրել»:

«Եթե անօրինական աշխատող եմ, ինձ ինչի՞ են ներս թողել գործարանի տարածք», - հակադարձեց բողոքավորներից մեկը:

Սնանկության կառավարիչը հստակ պատասխան չտվեց, թե ինչու է թույլ տվել ԱԻՆ-ի հետ պայմանագիրը դադարեցրած և «Նաիրիտի» աշխատակից այլևս չհամարվող մասնագետներին ամիսներ շարունակ մուտք գործել գործարանի տարածք․ - «Համաձայնագիր ստորագրելը ես չեմ ընկալում որպես պայմանագրի դադարեցում էս մարդկանց աշխատանքի հետ կապված: Որովհետև ճիշտ չի արվել էդ ամեն ինչը»:

Նա չկարողացավ պատասխանել «Ազատության» հարցին, թե այդ իրավիճակում, երբ պայմանագիր չկար ԱԻՆ-ի հետ, և այսօրվա բողոքավորներն էլ «Նաիրիտի» աշխատակիցներ չէին համարվում, ով էր պատասխանատվություն կրելու, եթե լիներ արտակարգ իրավիճակ:

Ազատությունը փորձեց պարզաբանումներ ստանալ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, սակայն լրատվության բաժնից այդպես էլ արձագանք չեղավ։

4 ամսվա աշխատավարձի և հետագա կարգավիճակի հստակեցման պահանջը նաիրիտցիները որոշեցին մայիսի 16-ին ներկայացնել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։