Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ: Հինգշաբթի երեկոյան նման տեղեկություն է զետեղվել ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում: Պատժամիջոցների թիրախ են դարձել Իրանի վեց քաղաքացիներ և իսլամական հանրապետության տարածքում գործող երեք ընկերություններ:
Reuters-ի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հրապարակած ցանկում տեղ գտած անհատներն ու կազմակերպությունները սերտ կապեր ունեն Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ:
Հիշեցնենք, այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանված, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: