Օսիպյանի և Վանեցյանի աշխատանքը կգնահատվի ըստ կոռուպցիայի դեմ նրանց պայքարի. Փաշինյան

Հայաստանի պետք է ուղղակի արմատախիլ անել կոռուպցիան, և այս գործառույթների իրականացման մակարդակից է կախված լինելու Վալերի Օսիպյանի և Արթուր Վանեցյանի աշխատանքի գնահատականը, երեկ իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միջոցով հայտարարեց Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը առաջարկություն ներկայացրեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնում նշանակել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում՝ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Արթուր Վանեցյանին, այդ պաշտոններից ազատել Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին։ Նախագահը ստորագրեց հրամանագրերը։

Երեկ Նիկոլ Փաշինյանն այսպես պարզաբանեց Օսիպյանի նշանակումը. - «Հեղափոխությունից առաջ մենք՝ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսիպյանը, մենք և ոստիկանությունը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում՝ ֆիզիկապես, և ես մտածեցի, որ որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա և պետք է մենք բոլորս այս որոշումից հետո նույն կողմում հայտնվենք։ Դա թերևս լավ սիմվոլ է, որ մենք այդ փշալարերի կուլտուրան փորձենք Հայաստանի Հանրապետությունից վերացնել։ Ես հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հույսերը, որովհետև այսօր ոստիկանությունից շատ բան է կախված, ոստիկանությունից կախված է իրավակարգը, ոստիկանությունից կախված է օրինականությունը, ոստիկանությունից կախված է քաղաքացու ինքնազգացողությունը, և ես շատ հստակ խնդիրներ եմ դրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է իրենց զգան պաշտպանված»։

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի նշանակմանը, Փաշինյանը նշեց՝ Ազգային անվտանգության ծառայության առաջիկա խնդիրներից պետք է լինի՝ բացառել մաքսային ոլորտում որևէ կարգի չարաշահում։

«Մի կարևոր առանձնահատկություն, նախ՝ Ազգային անվտանգության ծառայության գործառույթները, ցավոք սրտի, երկար տարիներ խեղաթյուրված են եղել, և ինչպես մի փորձագետ շատ ճիշտ նկատեց, Ազգային անվտանգության ծառայությունն ավելի շատ ներքաղաքական խնդիրների մասնակից է եղել, քան թե անվտանգության ապահովմամբ է զբաղվել։ Բնականաբար, Ազգային անվտանգության ծառայության ընդհանուր գործառույթների մեջ ես չեմ ուզում հիմա մանրամասնել, բայց ես ուզում եմ շեշտել երկու խնդիր՝ ըստ էության այն գործառույթները, որոնք կապված են հակահետախուզության հետ, հետախուզության հետ, Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լիարժեք կատարի, որովհետև սա անվտանգության արտաքին կոմպոնենտն է, և ես ուզում եմ ևս մի այսպիսի նրբություն ընդգծել՝ գիտեք, որ Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում հիմնականում մաքսային գործառույթներով, այսինքն՝ մաքսանենգության հետ կապված հանցագործություններով, և ես կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության առաջիկա խնդիրներից պետք է լինի ընդհանրապես բացառել մաքսային ոլորտում որևէ կարգի չարաշահում, և ընդհանրապես կարծում եմ, որ նաև Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շատ լրջագույն գործառույթներ իրականացնի կոռուպցիայի դեմ պայքարում, իհարկե սա վերաբերվում է նաև ոստիկանությանը», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ պետք է արմատախիլ անեն կոռուպցիան։ «Մենք պետք է կոռուպցիան ուղղակի արմատախիլ անենք Հայաստանի Հանրապետությունից, և դա պետք է անենք շատ արագ, չափազանց արագ, և այս գործառույթների իրականացման մակարդակից է կախված լինելու Ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքի գնահատականը», - հայտարարեց Փաշինյանը։

«Պետությունը պարտավոր է զինվորներին ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով»

Երեկ ավելի ուշ Փաշինյանը կրկին տեսաուղերձի միջոցով անդրադարձավ ժամկետային զինծառայողների, մասնավորապես, հիգիենայի պարագաների ու հագուստի հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ պետությունը պարտավոր է ապահովել նրանց անհրաժեշտ բոլոր պարագաներով։

«Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ ժամկետային զինծառայողների բազմաթիվ ծնողներ ստիպված են իրենց երեխաներին ուղարկել տարբեր հիգիենիկ պարագաներ, ներքնաշորեր, կոշիկներ և այլն, և այդպես շարունակ։ Ես այսօր առավոտյան այս հարցը շատ խիստ դրել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների առաջ, [ստացել եմ] հավաստիացում, որ կարող եմ այսօր հայտարարել պաշտոնապես հետևյալը՝ ժամկետային զինծառայողների մեր հարգելի, սիրելի ծնողներ, դուք առանց այն էլ շատ մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին և մատուցել, երբ որ ձեր զավակներին ուղարկել եք Հայոց բանակ ծառայության, և հետևաբար մեր պետությունը պարտավոր է ձեր զավակներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով», - հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը նաև խնդրեց՝ սննդի հետ կապված բողոքների դեպքում ևս գրել իրեն, կամ դիմել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, որպեսզի այդ բոլոր հարցերով զբաղվեն։

«Իսկ ասվածի էությունը հետևյալն է՝ եթե նույնիսկ ձեր երեխաներն ասում են, որ իրենք չունեն, ես խնդրում եմ, որ ոչ թե գնալ, նեղություն քաշել, գնել և ուղարկել, ավելի լավ է այդ նույն նեղությունը քաշեք և դիմեք մամուլին, դիմեք վարչապետի աշխատակազմի ղեկավարին և դիմեք ինձ՝ գրեք նամակով, որևիցե ձևով ինձ տեղյակ պահեք, որ կոնկրետ էսինչ տեղում ահա այսպիսի խնդիր է առաջացել։ Հիմա արդեն ստացել եմ հավաստիացումներ, որ էդ խնդիրները կլուծվեն, և եթե հանկարծ պարզվի, որ այդ հավաստիացումից հետո էդ խնդիրները չեն լուծվել, ուրեմն դրան կհետևի խստագույն պատասխանատվություն՝ բոլոր այն պատասխանատուների, ովքեր պիտի լուծեին այդ խնդիրը և չեն լուծել», - ասաց Փաշինյանը։