Հանրապետական խմբակցությունն իր առաջիկա նիստում կքննարկի նաև կարգապահական հարցեր՝ այդ թվում քաղաքական որոշմանը չենթարկված և Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ոչ իրենց հորդորով կողմ արտահայտված պատգամավորների հարցը, «Ազատությանը» փոխանցեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ էր քվեարկել Հանրապետական խմբակցության ընդամենը մեկ անդամ՝ անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը, իսկ մայիսի 8-ին, Բաղդասարյանի խոսքով, քաղաքական որոշմանը չի ենթարկվել և կողմ է քվեարկել Շիրակ Թորոսյանը:
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, մայիսի 1-ին վարչապետ չընտրվեց հենց Հանրապետականի դեմ քվեարկության արդյունքում, իսկ մայիսի 8-ին խորհրդարանական մեծամասնություն ունեցող խմբակցությունը հայտարարեց՝ դեմ են Փաշինյանի թեկնածությանը, բայց հավատարիմ կմնան խոստմանն ու կօժանդակեն նրան դառնալ վարչապետ:
Չնայած Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քվեարկությունից առաջ հավաստիացրել էր, թե Փաշինյանի օգտին իրենց ձայները կտան խմբակցության 10+1 պատգամավոր, այնուհանդերձ ցուցատախտակն այլ պատկեր արձանագրեց՝ կողմ քվեարկեց 13-ը:
«Շիրակ Թորոսյան, որը ոչ միայն հաստատել էր իր դեմ քվեարկելը, նաև, ընդամենը քվեարկությունից րոպեներ առաջ նորից ճշտում է կատարվել, որ ինքը հավատարիմ է քաղաքական որոշմանը: Հակառակ դեպքում ես իմ ելույթի մեջ այլ ձևով կարտահայտվեի: Դա հանկարծակի էր, և դա քաղաքական գործչի քայլ չէր», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Վահրամ Բաղդասարյանը: - «Այլ խնդիր էր, որ Ֆելիքս Ցոլակյանը նախօրոք մեզ զգուշացրել էր՝ դեռ ապրիլի 30-ին, առաջին քվեարկության ժամանակ: Իհարկե, ինձ համար անակնկալ էր, բայց, համենայնդեպս, մարդը ուներ իր դիրքորոշումը: Մենք պետք է ամփոփենք մեր երկու քվեարկությունները և ընդհանրապես այս իրավիճակները, որովհետև արդեն նոր քաղաքական իրավիճակ է», - հավելեց նա։
Բաղդասարյանը պնդեց, թե մայիսի 1-ին Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկած Ֆելիքս Ցոլակյանի դիրքորոշմանն իրենք ծանոթ էին, և երբ մայիսի 8-ին ինքն ասում էր 10+1 պատգամավոր կողմ կլինի, նկատի չուներ Ցոլակյանին։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե անուն չի կարող տալ, թե ով է եղել այդ +1֊ը, որը ի վերջո կողմ է քվեարկել, բայց նշեց՝ եղել է պայմանավորվածություն՝ նա վերջնական որոշումը կայացնելու էր իր ելույթից հետո: Բաղդասարյանն ասաց՝ այնուհանդերձ ինքը համոզված էր, որ նա կողմ է քվեարկելու: Այդ անձը, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, Միհրան Պողոսյանն էլ չէր, քանի որ նրան խմբակցությունն էր տեղեկացրել, որ պետք է կողմ քվեարկի:
Մայիսի 8-ին Հանրապետականից Փաշինյանի օգտին քվեարկեցին գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը, գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Արման Սահակյանը, Աշոտ Արսենյանը, Մուրադ Մուրադյանը, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, Համաշխարհային ասորական միության անդամ Արսեն Միխայլովը, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդի» նախագահ Կնյազ Հասանովը:
Շիրակ Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ ինքը չի եղել կողմ քվեարկողների ցանկում, բայց գնացել է այդ քայլին, ինչպես նա նշեց՝ խղճի թելադրանքով: Մինչդեռ մայիսի մեկին՝ Փաշինյանի առաջին ընտրության օրը, Թորոսյանը դեմ էր քվեարկել:
Ի դեպ՝ այսօր Սամցխե-Ջավախքի վեց հասարակական կազմակերպություններ հայտարարել են, թե «Ջավախք» հայրենակցական միության նախագահը իր քվեարկությամբ արտահայտել է ջավախահայության ճնշող մեծամասնության անառարկելի ցանկությունը:
«Ես առաջնորդվել եմ ժողովրդի կամքով», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Թորոսյանը:
«Ազատության» հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ դա կարող է լարվածության պատճառ դառնալ խմբակցությունում, պատգամավորը պատասխանեց․ - «Իրենց խնդիրն է: Արդեն Վահրամ Բաղդասարյանի վարքագիծը աններելի է և չարդարացված: Հարցազրույցում ինչ-որ որակումներ է տվել: Դրանից ելնելով՝ դավաճանություններ, եսիմինչեր․․․ որ ինքը որակումներ է արել, արդեն դա ինձ հետևություններ անելու տեղիք է տալիս, իսկ թե ինչպես կստացվի՝ դա ժամանակը ցույց կտա»: